‘Սպիտակ տուն. Օբաման Թուրքիային և Հայաստանին կառաջարկի ճանաչել 1915 թ. փաստերը’

1979

‘

1915 թ. հայերի զանգվածային կոտորածների 100-ամյա տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, ԱՄՆ-ը մտադիր է Թուրքիային և Հայաստանին կոչ անել ճանաչել այդ ողբերգական իրադարձությունների հետ կապված բոլոր փաստերը: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո խոսնակ Էրիկ Շուլցը: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա խուսափել է արտասանել «գենոցիդ» բառը:

«Մենք մտադիր ենք օգտվել (տարելիցի) առիթից, որպեսզի ուշադրությունը սևեռենք 1915 թ. սարսափելի իրադարձությունների վրա և կոչ անենք ամբողջությամբ, ազնվորեն և արդարացի կերպով ճանաչել փաստերը, ինչը, կարծում ենք, բխում է բոլոր կողմերի շահերից»,- ասել է Շուլցը՝ նշելով, որ նկատի ունի Թուրքիան, Հայաստանը և ԱՄՆ-ը:

Լրագրողների այն հարցին, թե ինչու նախագահ Բարաք Օբաման չի արտասանում «գենոցիդ» բառը, թեև 2008 թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում դա արել է հենց 1915 թ. հայերի կոտորածի առնչությամբ, Շուլցը պատասխանել է. «Նախագահը և վարչակազմի այլ պաշտոնյաներ պարբերաբար  պատմական փաստ են համարել այն, որ 1,5 մլն հայեր են սպանվել Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին»:

Սպիտակ տան ներկայացուցիչը հերթական անգամ Թուրքիային կոչ է արել կարգավորել հրաբերությունները Հայաստանի հետ՝ նշելով նաև, որ Անկարան կարևոր դեր է կատարում Իրաքի և Սիրիայի ճգնաժամերը կարգավորելու հարցում: «Մենք մտադիր ենք հատուկ բանակցություններ անցկացնել այն թեմայով, թե ինչպես կարող ենք ամրապնդել մեր գործընկերությունը»,- եզրափակել է Շուլցը: Փոխանցում է ТАСС-ը: 

‘

Նախորդ հոդվածը‘Հակառակորդը կիրառել է տարբեր տիպի նռնականետներ և 60 մմ ականանետներ’
Հաջորդ հոդվածը‘Ռամոս. «Ուրախ եմ Չիչարիտոյի համար»’