Ստամբուլի եւ Թուրքիայի կաթոլիկ հայերի Վաստակավոր Վիճակավոր Տ. Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանի նամակը Լեւոն Տեր-Պետրոսյանին

1398

Մեծապատիվ Տիար,

Բանասիրական գիտությունների դոկտոր Լեւոն Տեր-Պետրոսյան,

Առաջին Նախագահ Հայաստանի Երրորդ Հանրապետության,

Մատենադարանի նախկին գիտքարտուղար

Սիրելի եւ շատ կարոտած Լեւոն

Որքան պիտի փափագեի այսօր այս տողերը եւ շատ ավելի մանրամասն ու հանգամանալից խոսքեր ուղղել քեզ երես առ երես՝ այն պաշտոնական մեծ հանդիսության ընթացքում, որ կազմակերպվել է քեզնով հիացողների եւ քեզ սիրողների կողմից մեր հայրենի մեծագույն խորհրդանիշ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախաձեռնությամբ։ Դժբախտաբար, իմ կամքից անկախ հանգամանքները թույլ չտվեցին իրականացնել այս ջերմ բաղձանքս։

«Պատիվս արժանավորներին», ասում էր Սիամանթոն՝ կրկնելով հինավուրց իմաստության պատգամը։ Այն պատիվը, որ այսօր Քեզ է մատուցվում, ուղղված է ավելի քան արժանավորի։ Քո արժանիքներն առհասարակ, որպես գիտնական եւ պետական այր, վստահ եմ, ավելին են, քան քեզ ընծայվող անկեղծ գնահատականներն ու սրտաբուխ մեծարանքները։

Նամակի սահմանները չափազանց նեղ են նույնիսկ թռուցիկ հայացք նետելու միայն քո ահռելի գիտական ներդրմանը՝ դեռ առանց հպանցիկ ամենափոքր ակնարկի վիթխարի քաղաքական վաստակիդ։ Այսուհանդերձ, չեմ կարող այստեղ, թեկուզ միայն թվարկելով չհիշել գիտական որոնումներիդ այն գլխավոր մարզերը, որոնցում դու հանդես եկար որպես ռահվիրա կամ որպես նոր հորիզոնների ուրվագծող, նոր մեկնաբանությունների հեղինակ։ Հիշատակեմ միայն Հայ-ասորական հարաբերությունները, որ համեմատաբար կողքի մնացած ոլորտ էր հայագիտության մեջ, Խաչակիրների հետ հարաբերությունների բարդ, նույնիսկ փշոտ խնդիրները եւ վերջապես, հաճախ թյուրիմացությունների տեղիք տվող՝ Մեծ եղեռնի, Ցեղասպանության ճիշտ ընկալման եւ վերջնական բանաձեւման ջանքդ՝ չնայած այս նյութի հետ կապված համեմատաբար սակավ ուսումնասիրություններիդ։

Գիտեմ, սիրելի Լեւոն, իմ անձնական փորձով,  որ վարչական գործը, եթե անգամ չխոչընդոտի ու չկասեցնի, անպայման քչացնում, դանդաղեցնում է գիտական արդյունքը։ Եւ դրանով հանդերձ, դու այսօր գիտությանն ես հանձնում անտարակույս պատկառելի մի ավանդ, որի առջեւ խոնարհվում եմ ամբողջ հոգով՝ վստահ, որ այս խոսքերով արտահայտում եմ բոլորի անվերապահ համոզմունքը։

Այսօր իմ սրտագին մաղթանքն ու հոգեբուխ աղոթքն է, սիրելի Լեւոն, որ Ամենակալը քեզ երկար եւ առողջ օրեր շնորհի՝ աներկյուղ շարունակելու համար քո հայագիտական եզակի, անփոխարինելի նվաճումները։

Տ. Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյան

Ստամբուլի եւ Թուրքիայի կաթոլիկ հայերի Վաստակավոր Վիճակավոր

Պո-Արաքս մշակութային միության նախագահ

Վենետիկի հայոց լեզվի եւ մշակույթի ամառային խտացված դասընթացի վարիչ

Վենետիկի Քա Ֆոսկարի համալսարանի եւ Հռոմի Պապական արեւելագիտական ինստիտուտի վաստակավոր ամբիոնավար

Վենետիկ, 18 սեպտեմբեր, 2025թ.։

—————————-

Գրական արեւմտահայերենից արդի արեւելահայերենի վերածումը՝ Աշոտ Սարգսյանի

Նախորդ հոդվածըՍեւակ Արամազդ. Ցատկ դէպի անգոյութիւն
Հաջորդ հոդվածըԼևոն Ջավախյան. Անտանելին