‘Ստամբուլի հայկական եկեղեցու հիմնադրամը Թուրքիայի ՆԳՆ-ից պահանջել է կոդավորված հայերի ցուցակը ‘

1113

Ստամբուլի Բոյաջըքյոյ թաղամասի հայկական Սուրբ Երից Մանկանց եկեղեցու հիմնադրամի նախագահ Նազար Օզսահակյանը Թուրքիայի ներքին գործերի նախարարության քաղաքացիական հարցերով գլխավոր տնօրեն Մեհմեթ Գյունգորից պահանջել է ներկայացնել 2 թվով կոդավորված բոլոր հայերի ցուցակները՝ Թուրքիայում գործող՝ տեղեկատվություն ստանալու մասին օրենքի շրջանակում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական demokrathaber.net լրատվական կայքը, նամակում Օզսահակյանը նշել է, որ դա անհրաժեշտ է եկեղեցու հիմնադրամի ընտրություններում Ստամբուլում բնակվող հայ համայնքին դիմելու եւ ընտրական ցուցակները ճիշտ կազմելու համար:

Թուրքիայում ոչ մահմեդականների, այդ թվում՝ հայերի գաղտնի կոդավորման մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ծագումով մի հայ կին, ով վերջերս է վերադարձել իր արմատներին՝ ընդունելով քրիստոնեություն եւ մկրտվելով հայկական եկեղեցում, որոշել է իր որդուն ուղարկել հայկական դպրոց: Երեխային դպրոց ընդունելու համար հայկական դպրոցի տնօրինությունը նրանից պահանջել է գրություն բերել Ստամբուլի կրթության տնօրինությունից, որտեղ նշված կլինի, որ այդ երեխային հայկական դպրոց ընդունելու «որեւէ խոչընդոտ չկա»: Այդ մասին տեղեկացրած Ստամբուլի «Ակոս» թերթը եւ մի շարք թուրքական ԶԼՄ-ներ տեղեկություններ են տարածել Թուրքիայի տարածքում բնակվող հույն, հայ, հրեա, ասորի եւ մնացած ոչ մահմեդականների ծննդյան վկայականներում համապատասխանաբար 1, 2, 3, 4 եւ 5 թվերով գաղտնի կոդավորում լինելու մասին:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն հարցը տեղափոխել է երկրի խորհրդարան եւ կառավարությունից բացատրություն պահանջել փաստի առթիվ: Թանրըքուլուն Թուրքիայի կառավարությունից պահանջել է պատասխանել, թե որ օրենքի համաձայն է կատարվում ոչ մահմեդականների կոդավորումը, եւ ինչ նպատակով է մինչ այժմ երկրում շարունակվում անգամ երրորդ, չորրորդ սերունդ մահմեդականացված ոչ մահմեդականների կոդավորումը:

Թուրքական «Ռադիկալ» թերթն այդ կապակցությամբ գրում է, որ Թուրքիայում ոչ մահմեդականների կոդավորումը կատարվել է 1915 թ-ի Ցեղասպանության ժամանակ նրանց ունեցվածքին հեշտությամբ տիրանալու նպատակով: Թերթը նշել է, որ հայերի կոդավորման այդ բացահայտումը լավ առիթ է փոխհատուցման դատական գործերում եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սփյուռքահայերի կողմից որպես նոր հզոր փաստարկ օգտագործելու համար:

Նախորդ հոդվածը‘Պան Գի Մունը երիտասարդների օրվա կապակցությամբ խոսել է միգրացիայի մասին’
Հաջորդ հոդվածը‘Վանում Հայաստանի 4 քաղաքացիների բերման են ենթարկել ոստիկանություն’