‘Ստեփանակերտում տրանսպորտի գինը կբարձրանա հունվարից’

705

Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտի գինը կբարձրացվի հունվարից: Այս մասին է խոսում երեկ վարչապետ Արա Հարությունյանի ասուլիսում հնչեցված հայտարարությունը: Փոխանցում է karabakh-open.info-ն:

Վարչապետի խոսքով՝ ներքաղաքային եւ ներհանրապետական ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունները դեռեւս վեց ամիս առաջ են հայտ ներկայացրել սակագների բարձրացման վերաբերյալ, սակայն կառավարությանը հաջողվել է հետաձգել հարցը՝ մինչեւ թոշակների եւ աշխատավարձերի բարձրացում, որը նախատեսվում է հունվարի 1-ից։

Արա Հարությունյանի տեղեկացմամբ՝ Ստեփանակերտում ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունները, որոնք երկուսն են՝ մասնավոր եւ պետական, աշխատում են վնասով։ Պետական ընկերության վնասները փոխհատուցելու համար կառավարությունը լուրջ գումարներ է հատկացնում։ «Տրանսպորտի թանկացումն անխուսափելի է, բայց մենք որոշել են դեռ մինչեւ հունվարի 1-ը նրանց վնասները փոխհատուցել»,-նշել է նա։

«Ընկերությունները պահանջում են ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը 70 դրամից դարձնել 100 դրամ, իսկ կառավարության հաշվարկներով այն պետք է լինի 85-90 դրամ: Համենայնդեպս 100 դրամից ավելի չպիտի լինի»,-այս կարծիքն է հայտնել կառավարության ղեկավարը։

 

  

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետը հրապարակեց կասեցման մասին որոշումը. Տրոլեյբուսները կշարունակեն թանկ մնալ’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Սա բուրգի կործանման կարեւոր նշանն է. Տեսանյութ’