‘
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ելույթը ԱԺ-ում
Երկրում առկա սոցիալ-տնտեսական ճգնաժամը խորանալու միտում ունի: Դրա մասին են վկայում նույնիսկ պաշտոնական տվյալները: Համաձայն ԱՎԾ զեկույցի՝ երկրորդ եռամսյակում ՀՆԱ -ի աճը եղել է գրեթե զրոյական: Առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումները նվազել են 64.2 տոկոսով, ընդ որում՝ ներդրումների զգալի մասը կատարվում է օֆշորներից եւ ուղղվում է հանքարդյունաբերության ոլորտ: Ավելացել է երկրի արտաքին պարտքը՝ հասնելով 4.3 մլրդ ԱՄՆ դոլարի: Շարունակում են աճել առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Իրականում պատկերն է՛լ ավելի մռայլ է: Երկիրը դատարկվում է: Աղետալի չափերի հասնող արտագաղթը դարձել է մեր պետականության, ազգային անվտանգության համար լրջագույն սպառնալիք:
Ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված համարժեք քայլեր կատարելու փոխարեն՝ իշխանությունը բիզնես դարձրած վարչախումբը զբաղված է իր մերձավորների համար գերշահույթներ ապահովելով, արհամարհելով հասարակական կարծիքը, ոտնահարելով մարդկանց իրավունքները, աղճատելով Երեւանի ճարտարապետական դիմագիծը: Որպես դրական փաստ՝ պետք է արձանագրենք տարբեր քաղաքացիական խմբերի, նախաձեռնությունների հետեւողական պայքարն ընդդեմ ապօրինությունների եւ անօրինականությունների: Մենք դատապարտում ենք քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ վերջերս իրականացված բռնությունները, պահանջում ենք բացահայտել եւ պատժել մեղավորներին:
Առհասարակ՝ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու փոխարեն, ավելի լավ կլիներ, որ վարչախումբը մտածեր երկրում Սահմանադրության կատարումը ապահովելու մասին, քանի որ ակնհայտ է՝ երկրում տիրող ամենաթողությունն ու անօրինականությունները պայմանավորված են ոչ թե անկատար Սահմանադրությամբ, այլ՝ Սահմանադրության ոտնահարմամբ: Կարելի է անվերջ բանավիճել, թե կառավարման որ համակարգն է առավել արդյունավետ, բայց դա դառնում է անիմաստ զբաղմունք, երբ ոչնչացված է ընտրական համակարգը, երբ իշխանությունը չի ձեւավորվում համաձայն Սահմանադրության 2-րդ՝ անփոփոխ հոդվածի, այն է՝ ազատ ընտրությունների միջոցով: Ավելորդ չենք համարում նշել, որ 2005թ. սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք, ի դեպ, ընդունվեցին լայնածավալ կեղծիքներով, ընտրությունների որակը մեր երկրում չի փոխվել: Այնպես որ, առաջնահերթ խնդիր է մնում ժողովրդավարական ընտրությունների միջոցով ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձեւավորումը:
Ոչ թե Սահմանադրությունն է պետք փոխել, այլ Սահմանադրությունը խախտող իշխանությունը:
‘