‘Ստեփան Դեմիրճյան. Երկիրն այս վիճակից դուրս բերելու համար առաջին հերթին պետք է հաղթահարել վստահության ճգնաժամը. Տեսանյութ’

892

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ելույթը՝ 2014թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ

«Ելույթ ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, վարչապետը նշեց, որ այսուհետ սոցիալական քաղաքականությունն ուղղված է լինելու ոչ թե հետեւանքների դեմ պայքարին, այլ սոցիալական խնդիրներ ծնող պատճառների վերացմանը: Կառավարության ծրագրում արձանագրված է, որ ՀՀ-ում երկու հիմնական պատճառ կա, որը ծնում է աղքատություն. առաջինը՝ աշխատատեղերն են, երկրորդը՝ կրթությունը:

Բայց վաղուց էր պետք մտածել աղքատությունը ծնող պատճառների վերացմանն ուղղված քայլեր կատարելու մասին: Հենց կառավարության ոչ համարժեք սոցիալ-տնտեսական քաղաքականության, ոչ արդյունավետ կառավարման հետեւանքով է, որ երկրում չեն ստեղծվում աշխատատեղեր, աճում է աղքատությունը, սոցիալական բեւեռացումը, աննախադեպ չափերի է հասել արտագաղթը: Այս տարվա 9 ամիսների ընթացքում ՀՀ-ից մեկնողների եւ ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում  է 122 հազար մարդ (անցյալ տարի նույն ժամանակահատվածում բացասական հաշվեկշիռը կազմել է 110 հազար): Սա ռեկորդային ցուցանիշ է:

Հավասար մրցակցային պայմանների բացակայության, ոչ ճիշտ հարկային քաղաքականության, հարկային բեռի ոչ արդարացի բաշխման պատճառով է, որ խեղդվում է ձեռներեցությունը, զանգվածաբար փակվում են փոքր եւ միջին ձեռնարկությունները եւ գրեթե չեն ստեղծվում նորերը: Ըստ ԱՎԾ տվյալների, միայն 1 տարվա ընթացքում Երեւանում փակվել է 1000 փոքր խանութ: Գրանցված ձեռնարկությունների շուրջ 70 տոկոսը չի գործում:

Հիմա կառավարությունն ընդունում է, որ հարկային վարչարարության խստացումը բացասական ազդեցություն է թողել բիզնես միջավայրի վրա, եւ 2014թ. բյուջեում նախատեսում է նույնը թողնել հարկեր-ՀՆԱ ցուցանիշը: Կառավարությունն առաջնային խնդիր է համարում բիզնես միջավայրի բարելավումը, եւ այսուհետ շեշտադրումն անելու է ոչ թե վարչարարության գործիքների խստացման, այլ՝ ռիսկային ոլորտների բացահայտման եւ այդ ոլորտներում ստուգումների իրականացման վրա: Թե ինչ բացահայտումներ կանի կառավարությունը, եւ ինչպես կապահովի 98 մլրդ լրացուցիչ հարկերի հավաքագրումը, 2014թ. բյուջեի կատարումը, ժամանակը ցույց կտա: Սակայն վաղուց արդեն բացահայտված է, որ իշխանությունը մեր երկրում սերտաճել է բիզնեսի հետ, որ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ունեն բիզնեսներ, եւ պաշտոնական դիրքն օգտագործում են իրենց եւ իրենց մերձավորների բիզնես շահերը սպասարկելու համար: Դրա դեմ է պետք պայքարել, այստեղից է պետք սկսել: Ավելորդ է խոսել բիզնես միջավայրի բարելավման, հավասար մրցակցային պայմանների ապահովման, եւ տնտեսության առողջացման մասին, քանի դեռ տնտեսական ռեսուրսները կենտրոնացված են մի խումբ մարդկանց ձեռքում, քանի դեռ լավագույն բիզնեսն իշխանությունն է:

Եվ խոսելով աղքատություն առաջացնող պատճառների մասին, չպետք է մոռանանք մեկ այլ հիմնական պատճառի՝ կոռուպցիայի մասին: Այն ուղիղ համեմատական կապի մեջ է աղքատության հետ եւ արգելակում է տնտեսական զարգացումը: Երկրում առկա կոռուպցիոն, իսկ ավելի պարզ ասած՝ թալանի համակարգը բացառում է աղքատության հաղթահարումը: Կոռուպցիան ամենուր է, արմատավորվել է բոլոր ոլորտներում եւ կրում է համակարգային բնույթ: Ըստ որոշ ուսումնասիրությունների, կոռուպցիայի պատճառով տնտեսական աճի ցուցանիշը տարեկան կրճատվում է 2 տոկոսային կետով:

Մսխվում են բյուջետային միջոցները, Վերահսկիչ պալատը 2012թ. իր հաշվետվությունում ռիսկային է համարել երկրի բյուջեի 70 տոկոսը, եւ նշել է, որ խախտումները կրում են ընդհանրական բնույթ: Ակնհայտ է, որ կոռուպցիայի դեմ չի կարող պայքարել կոռուպցիայի մեջ խրված իշխանությունը: Եվ զարմանալի չէ, որ կառավարության կողմից մշակված հակակոռուպցիոն ծրագրերը որեւէ արդյունք չեն տվել, այլ կրել են ձեւական բնույթ:

Հարցը չի լուծվի նաեւ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշատավարձերի բարձրացմամբ: Ինչ խոսք, պետական պաշտոնյաները պետք է պատշաճ կերպով վարձատրվեն եւ դա կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Սակայն պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը մեզ մոտ միանշանակ չի ընդունվում /խոսքը, իհարկե, առաջին հերթին բարձրաստիճան պաշտոնյաների մասին է/, քանի որ քչերն են հավատում, որ դրանից հետո թալանը կպակասի, որեւէ բան կփոխվի: Մի քանի տարի առաջ բարձրացվեցին դատավորների աշխատավարձերը, սակայն կոռուպցիան այդ ոլորտում չնվազեց եւ վստահության մակարդակն այդ համակարգի նկատմամբ չբարձրացավ:

Այս հարցի վերաբերյալ հասարակական ընկալումը միանգամայն այլ կլիներ, եթե բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելուն զուգահեռ էապես բարձրացվեին թոշակները, ուսուցիչների, առողջապահության ոլորտի եւ մյուս ոչ բարձրաստիճան պետական ծառայողների աշխատավարձերը,  չնդունվեր գործազրկության նպաստներից զրկելու օրինագիծը եթե չլիներ այն ահռելի խզումը, որ գոյություն ունի իշխանության եւ ժողովրդի միջեւ, եթե վարչախումբը ժողովրդին հասցրած չլիներ անելանելի վիճակի և իշխանությունը չծառայեցվեր մի խումբ մարդկանց հարստացմանը , մարդիկ տեսնեին, որ իշխանությունն ազնիվ է եւ ունի քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

Մենք անընդունելի ենք համարում նաեւ այն շռայլությունները, որ թույլ է տալիս իրեն կառավարությունը եւ պայմանավորում է իբր պետության «իմիջը» պահելով: Պետության հեղինակությունը բարձրացնում են երկիրը զարգացնելով, երկրում օրենքի գերակայությունն ու մարդկանց արժանավայել կյանքն ապահովելով, արժանապատիվ արտաքին քաղաքականություն իրականացնելով, եւ որքան զուսպ լինեն երկրի ղեկավարները, այնքան ավելի կբարձրացնեն նաեւ իրենց հեղինակությունը:

Ակնհայտ է, որ այս կառավարությունը չի ապահովելու այս տարվա համար նախատեսված տնտեսական աճը, եւ պաշտոնապես հայտարարված 6.2 տոկոս աճի սպասումը նվազեցվել է մինչեւ 4.1 տոկոս: Լուրջ կասկածներ է առաջացնում  նաեւ 2014 թ.  համար կանխատեսվող տնտեսական աճը:

Բայց հարցը նույնիսկ դրանում չէ. երկրում ձեւավորվել է մի արատավոր համակարգ, առանց որից ձերբազատվելու, հնարավոր չէ ապահովել երկրի առաջընթացը: Այդ համակարգը սպանել է մարդկանց մեջ հավատը պետության, վաղվա օրվա նկատմամբ: Երկիրն այս վիճակից դուրս բերելու համար առաջին հերթին պետք է հաղթահարել վստահության ճգնաժամը: Մի բան, որը այս կառավարությունն ի վիճակի չէ անել»:

Նախորդ հոդվածը‘Մոյեսը ՄՅՈՒ-ի ղեկավարությունից պահանջել է գնել Ինյեստային’
Հաջորդ հոդվածը‘Հեղինե Բիշարյանին դուր չի եկել, որ իր քրոջ փեսային «քույրիկ Լևոն» են անվանել ‘