‘
Ազատության հրապարակում կայացած ընդդիմության հանրահավաքում ելույթ ունեցավ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ով նշեց, որ Սահմանադրությունը բազմիցս խախտած, ընտրությունները կեղծած վարչախումբը ձեռնամուխ է եղել Սահմանադրության փոփոխությունների իրականացմանը: «Ակնհայտ է, որ մեր երկրում այսօր չկա ոչ հասարակական պահանջ, ոչ էլ անհրաժեշտություն, քանի որ այն ծանր վիճակը, որում հայտնվել է երկիրը, պայմանավորված է ոչ թե Սահմանադրությամբ, այլ Սահմանադրության ոտնահարմամբ»,-նշեց պարոն Դեմիրճյանը:
Նա նշեց, որ Հայաստանին այսօր պետք չեն արհեստական օրակարգեր, այլ իրական փոփոխություններ՝ երկրրում անպատժելիության վերացում, կոռուպցիայի, թալանի դեմ իրական պայքարի ծավալում, իշխանության եւ բիզնեսի տարանջատում, տնտեսության առողջացում, ներդրումների ներգրավում: «Միամտություն կլինի ակնկալել կուտակված խնդիրների լուծումն այն վարչախմբից, որը տարիներ շարունակ սպասարկել է մի խումբ մարդկանց շահերը: Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, միասին սկսել ենք մի գործընթաց, որը հանգեցնելու է արմատական փոփոխությունների»,- նշեց Ստեփան Դեմիրճյանը:
‘