‘Ստեփան Մարգարյան. Եթե 12 կետերը չկատարվեն, արմատական լուծումների գնալու առաջ կկանգնենք’

2509

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը

— Պարոն Մարգարյան, Քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 կետանոց պահանջները: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ են դրանք իրականանալի:

— Մենք շատ երկար ենք այդ հարցերը քննարկել: Ու մենք հետևյալ սկզբունքն ենք որդեգրել՝ եթե մի բան ենք ասում և պահանջում կառավարությունից, նշանակում է՝ մենք ինքներս պատկերացնում ենք, թե ոնց պիտի դրանք անել: Այդ կետերում չկա մի հարց, որի իրականացումն ինքներս չպատկերացնենք, որոնց լուծումները ինքներս չունենանք: Եթե կառավարությունը չիրագործի այդ կետերը, նշանակում է՝ կամ չի կարող, կամ չի ուզում: Իսկ մեզ համար՝ այդ կետերն իրատեսական են ու հնարավոր:

— Ձեր կարծիքով՝ իշխանությունները կգնա՞ն այդ կետերի իրականացմանը, թե՞ ոչ:

— Չեմ ուզում գուշակություն անել: Բայց վստահ եմ մի հարցում՝ առանց այդ կետերը կատարելու՝ անհնար է պատկերացնել մեր երկրի ապագան: Այնպես չի, որ մենք այդ կետերը հրապարակել ենք սպորտային հետաքրքրությունից ելնելով: Այդ 12 պահանջներում ամրագրված են մեր երկրի առաջ ծառացած այն մարտահրավերները, որոնք եթե չլուծվեն, մենք շատ ու շատ բնագավառներում կունենանք փլուզում՝ բառի բուն իմաստով: Կունենանք փլուզում տնտեսության և քաղաքական ասպարեզում:

— Եթե իշխանությունները չկատարեն այդ պահանջները կամ կիսաքայլեր անեն՝ ձևացնելով, թե «գործ են անում», ի՞նչ է անելու Քառյակը:

— Ես չեմ ուզում նախապես խոսել այդ մասին: Մենք հրապարակել ենք մեր պահանջները և ուզում ենք, որ իշխանությունները գնան դրանք կատարելու ճանապարհով: Եթե չգնան, ապա մենք, անշուշտ, լուծումներ ենք փնտրելու, մենք համարելու ենք, որ երկիրը փրկելու խնդիր կա: Բայց ես հուսով եմ, որ նրանք կգնան այդ քայլերին:

— Ինչո՞ւ եք իշխանությունների մասին այդքան լավ կարծիքի, ինչո՞ւ եք այդքան լավատես:

— Դա լավատեսություն չէ: Պարզապես, այսօր իրավիճակն այնպիսին է, որ ստիպում է լուծումներ գտնել: Իսկ եթե նրանք չեն գտնի համապատասխան լուծումներ, կփլուզվի երկիրը: Այսօր հասել ենք հենց այդ վիճակին:

— Ի դեպ, ձեր խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով իշխանափոխության գնալու և Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու մասին հարցին, Քառյակի ասուլիսում հայտարարեց, որ ԲՀԿ-ի համար չկան տաբու թեմաներ, և եթե իշխանությունները չկատարեն 12 պահանջները, իրենք չորս ուժերով, ժողովրդի հետ կորոշեն անելիքները:

— Անշուշտ, չկան տաբու թեմաներ: Մենք ցանկացած հարց պատրաստ ենք բարձրացնել: Բայց հիմիկվանից ասել, որ իշխանությունները չեն անի այդ քայլերը, նշանակում է՝ մենք մտածում ենք՝ «ասենք այնպիսի բան, որ նրանք չանեն»: Ոչ, այդպես չէ: Այսօր մեր նպատակն է, որ իրականացվեն հրապարակված 12 քայլերը: Մենք իսկապես ուզում ենք, որ երկիրն առաջ գնա, իսկ դրա համար անհրաժեշտ է իրականացնել այս առաջնային քայլերը: Իսկ եթե այդ քայլերը չարվեն, մենք պետք է մտածենք մեր անելիքների մասին:

— Եթե իշխանությունները չկատարեն այս կետերը, արդյո՞ք իշխանափոխություն կհասունանա:

— Ես կարծում եմ՝ այո: Եթե այս 12 կետերը չարվեն, իմ կարծիքով՝ մենք շատ լուրջ, արմատական լուծումների գնալու անհրաժեշտության առաջ ենք կանգնում:

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘Երևանի քաղաքապետի խորհրդականի որդին «փախած» է’
Հաջորդ հոդվածը‘Ճգնաժամ Իրաքում. 150 հազար բնակիչներ, այդ թվում՝ հայեր, լքել են Մոսուլը’