‘
Ոչ իշխանական եռյակը կմեծացնի Հայաստանի իշխանության նկատմամբ ճնշումը և կընդլայնի համաժողովրդական շարժման աշխարհագրությունը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Նրա խոսքով, եռյակն արդեն նշել է Հայաստանի մարզերում շտաբեր բացելու անհրաժեշտությունը, որտեղ նույնպես աստիճանաբար հանրահավաքներ և բողոքի տարատեսակ ակցիաներ կանցկացվեն: Նա հայտարարել է, որ շարժումը պետք է դուրս գա Ազատության հրապարակից և տարածվի երկրի ողջ տարածքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի լուրջ «ճնշում գործադրել» իշխանության վրա: «Հանրահավաքներում մենք մի շարք խնդիրներ ենք հնչեցրել, որոնց լուծման համար պատրաստ ենք բանակցություններ վարել իշխանությունների հետ, սակայն մենք մտադիր չենք շեղվել նախանշված օրակարգից»,- Մարգարյանի խոսքն է մեջբերում ԱրմԻնֆոն:
Մարգարյանը նաև ավելացրել է, որ հաջորդ հանրահավաքի ամսաթիվը եռյակի առաջնորդները դեռ չեն համաձայնեցրել, և հենց որևէ նորություն լինի, հասարակությանը կտեղեկացվի: «Եռյակը համերաշխ է այն հարցում, որ իշխանությունները սպառել են իրենց, և եկել է բարեփոխումների ժամանակը, և եթե իշխանությունը, այնուամենայնիվ, չհամաձայնի լուրջ փոփոխությունների գնալ, ճնշումն օրեցօր կավելանա, և հրապարակներում կհավաքվեն ոչ թե 50 հազար, այլ` հարյուր հազարավոր մարդիկ»,- նշել է նա:
‘