‘Ստյոպա Սաֆարյանը խնդրել է տրամադրել ընտրացուցակները տպագիր և էլեկտրոնային տարբերակով’

624

Թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը նոյեմբերի 19-ին պաշտոնական նամակով դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանին: Նման նամակով դիմելու պատճառը ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պաշտոնական կայքում ընտրացուցակների բացակայություն է: Քարտուղարությունում մուտքագրվել է առձեռն հանձնված նամակը, որի ամբողջական բովանդակությունը բերված է ստորեւ: 

«Պարոն Հովհաննես Քոչարյանին 
Հայաստանի Հանրապետության
ոստիկանության անձնագրային եւ
վիզաների վարչության պետ,
ոստիկանության գնդապետ

Հարգելի պարոն գնդապետ,

Առաջնորդվելով ՀՀ Ընտրական օրենսգրքով ԱԺ պատգամավորի թեկնածուին վերապահված իրավունքներով, ինչպես նաեւ` «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ խնդրում եմ ինձ տրամադրել.

1. թիվ 1 ընտրատարածքի ընտրողների ցուցակը տպագիր և էլեկտրոնային տարբերակներով, 
2. Հայաստանի Հանրապետության ընտրողների ամբողջական ցուցակը էլեկտրոնային տարբերակով: 

2-րդ կետի կապակցությամբ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության ընտրողների ամբողջական ցուցակի (ռեգիստրի) պահանջը պայմանավորված է հանրապետության տարբեր ընտրատեղամասերի ու թիվ 1 ընտրատարածքի տեղամասերի ընտրողների ցուցակներում հնարավոր կրկնությունները եւ անճշտությունները ստուգելու անհրաժեշտությամբ, քանի որ արդեն իսկ առկա են մեզ տրամադրված կոնկրետ ահազանգեր: 

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` ընտրողների ցուցակները հրապարակման ենթակա ու բաց փաստաթղթեր են, իսկ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ամրագրում է փնտրած տեղեկությանը ծանոթանալու եւ (կամ) դա ստանալու նպատակով տեղեկատվություն տնօրինողին դիմելու ու այն ստանալու յուրաքանչյուր անձի իրավունքը: 

Համագործակցության պատրաստակամությամբ`

Ստյոպա Սերյոժայի Սաֆարյան
Թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում պատգամավորի թեկնածու»:

 

Նախորդ հոդվածը‘Հայ առաքելական եկեղեցին վերածվում է սովորական մի ՍՊԸ-ի՞’
Հաջորդ հոդվածը‘Պետերբուրգում բնակվող ՀՀ քաղաքացու խանութում հայտնաբերվել է 55 կգ հաշիշ’