‘Ստյոպա Սաֆարյան. Դատարանից վերև Տարոնի աներձագ կա’

809

Նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքում գրել է.

«Դատարանից վերեւ Տարոնի աներձագ կա

Սահմանադրական դատարանն այսօր սկսեց ու հավանաբար կավարտի Թիվ 1 ընտրատարածքում տեղի ունեցած «ընտրությունների» արդյունքներով կայացված որոշումը չեղյալ ճանաչելու իմ դմումի քննությունը, եւ անցավ խորհրդակցական սենյակ… ՍԴ որոշումը անակնկալ չի լինելու: Վստահ եմ: Նա իրավունք չունի նախագահական ընտրությունների նախօրեին 

-նախադեպ ստեղծել ու ասել, որ ԿԸՀ-ն կարող էր օքսիդացող թանաքների փոխարեն սովորական թանաք օգտագործել, ինչպես արեց մայիսի 6-ին,
-չի կարող ասել, որ վարչական դատարանը լուրջ խախտել է թեկնածուի իրավունքը՝ դռները փակ պահելով ու վարչական վարույթ չընդունելով Սաֆարյանի բողոքները,
-չի կարող ասել, որ ԿԸՀ-ն իր հակաօրինական որոշմամբ անվերահսկելի է թողել իշխանության թեկնածուի բազմաթիվ ծախսեր, ով թաքնված քարոզչություն իրականացրել անթիվ անհամար շտաբերում, ինչի իրավունքը չուներ

-չի կարող հայտարարել, որ Տարոն Մարգարյանը համատարած ընտրակաշառք է բաժանել՝ ընտրության օրը ծառայություն է մատուցել ընտրողներին /քաղաքային երթեւեկության միկրոավտուբուսներով ու տաքսիներով տանելով ընտրական տեղամաս/, ինչը արգելված է Ընտրական օրենսգրքով,

-չի կարող ասել, որ հարյուրավոր բազմաբնակարան շենքերի վերելակներում ու մուտքերում արգելված քարոզչություն է գնացել, քանի որ Ընտրական օրենսգրքով են սահմանվում քարզոչության վայրերը եւ նշվածները ոչ մի կերպ հիշատակված չեն ԸՕ-ում, այսինքն՝ թույլատրելի չեն, 

-չի կարող հաստատել այն անհերեքելի իրողությունը, որ մինչեւ քարոզարշավի վերջը թեկնածուներից մեկի նախընտրական ծախսերը բացարձակ անվերահսկելի են եղել թե իր, թե իմ համար, քանի որ հենց ինքն է հաստատել, որ «0»-ներով հայտարարագիրը օրենքի պահանջներին «համապատսխան» է,

-չի կարող ընդունել այն ակնհայտ փաստերը, որ ընտրողներին ցուցակներով ուղեկցած անձինք չեն թողել, որ ընտրողի կամքը ձեւավորվի ազատ, եւ դրա իրավունքը նրանք չունեին, 

-չի կարող ասել, որ Ոստիկանությունը խախտել է իմ՝ քաղաքացուս եւ թեկնածուիս իրավունքները եւ չի տրամադրել ընտրողների ցուցակը, որովհետեւ նրան ձեռնտու չէր, որ ես պարզեի, թե հանրապետության որ գյուղերից ու քաղաքներից, Երեւանի որ վարչական շրջաններից են ընտրողներ բերվել Ընտրական տեղամաս /օրինակի համար, Տարոն Մարգարյանի հորեղբոր աղջիկները Թալինից բերվել ու գրանցվել են թիվ 1-ում/,

-չի կարող անդրադառնալ այն տեսանյութերին, որտեղ երուում է, թե ինչպես ոստիկանության մեքենաների աչքի առջեւ կուտակումներ են ստեղծվել տեղամասերի առջեւ եւ ոչ մի կերպ չեն վերացրել դրանք,

-չի կարող հաստատել իմ այն պնդումը, որ խախտումները եղել են համակարգային, էական ահնավասարություն են ստեղծել թեկնածուների միջեւ եւ ազդել են ընտրությունների ելքի վրա:

Հետաւաբար, պատահական չէ, որ ՍԴ-ը նախընտրեց գրավոր ընթացակարգը, որ կեղտը ջրի երես դուրս չգա, հարցուպատասխաններ չլինեն, եւ ԿԸՀ ու թիվ 1 ԸԸՀ ներկայացուցիչները հանկարծ «չերգեն ավելին», ինչպես որ դա անում էին իրենց նիստերի ժամանակ, հայտարելով, թե «իշխանության թեկնածուն որպես կենցաղային ապրանք էր գովազդվում վերելակներում», «թանաքները լավ չեն թափահարվում» եւ նման կարգի շատ բաներ: 

Ժամեր անց ՍԴ-ը կհրապարակի բոլորիս համար սպասելի որոշումը եւ գոնե ես հնարավորթյուն կունենամ դիմել ՄԻԵԴ, իսկ ՀՀ կառավարորությունն էլ կզրկվի այն փաստարկը բերելու հնարավորությունից, թե ես մինչեւ վերջ չեմ սպառել ներպետական ատյանները: 

Սկսվում է այս գործով բողոքարկման ամենալուրջ պահը՝ Եվրոպայում: Ու թող ոչ մեկ չկասկածի, այն հաղթելու եմ: ՍԴ այս որոշումը Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանի առաջին փորձություններից մեկն է, ավելի ստույգ ապացույց այն բանի՝ որ Հայաստանը ապահով չի լինելու, որովհետեւ Հայաստանում դատարան չի լինելու, իսկ դատարանից վերեւ էլ Տարոնի աներձագ կա…»

Նախորդ հոդվածը‘Ստամբուլի քաղաքապետը նշանակվել է Թուրքիայի ՆԳ նախարար. Վերաբախշումներ կառավարությունում’
Հաջորդ հոդվածը‘Վահե Հովհաննիսյան. Պետք է լինի զրո հանդուրժողականություն՝ լրագրողների հանդեպ որևէ բռնության նկատմամբ’