‘Ստյոպա Սաֆարյան. Րաֆֆին ճիշտ է արել, որ հրաժարվել է հրապարակային զրույցից’

1125

Րաֆֆի Հովհաննիսյանը շատ ճիշտ է արել, որ չի ընդունել Սերժ Սարգսյանի առաջարկը՝ զրուցել լրագրողների ներկայությամբ: iLur.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի հետ զրուցել լրագրողների ներկայությամբ այն դեպքում, երբ Սարգսյանն ինքը առաջարկեց՝ «լրագրողների ներկայությա՞մբ, թե առանց նրանց»:

«Որքան էլ որ տարօրինակ լինի, Րաֆֆի Հովհաննիսյանը շատ ճիշտ է արել, որ Սերժ Սարգսյանի առաջարկը չի ընդունել: Առավելեւս, որ Սերժ Սարգսյանը ժողովրդի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ մի առաջարկ չի ընդունել՝ գալ Ազատության հրապարակ, չեղյալ է համարել ՀՀԿ հանրահավաքը, հրաժարվել է բանավեճից ոչ միայն քարոզարշավի ընթացքում, այլեւ այս ընթացքում, եւ այսպես շարունակ: Եվ այսքանից հետո, գնալ նախագահական եւ համաձայնել Սերժ Սարգսյանի առաջարկած պայմաններին, ես կարծում եմ ճիշտ չէ», — ասաց պարոն Սաֆարյանը:

Իսկ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նույն հարցին ի պատասխան նշեց, որ «դա Սերժ Սարգսյանի աշխատակազմի արարողակարգի պահանջն էր»:

Ինչ վերաբերում է ընդհանրապես, հանդիպման մանրամասներին, ապա ըստ Ստյոպա Սաֆարյանի, «պետք չէ կոնսպիրատիվ տեսությւոնների գիրկն ընկնել»:

 «Րաֆֆի Հովհաննիսյանը, կարծում եմ, շատ ավելի լավ կներկայացնի հանդիպման մանրամասները, քան ուրիշ որեւէ մեկը: Առավելեւս, որ Րաֆֆին գիտի՝ Սերժն ինչ է ասել եւ ինքը (Րաֆֆին-խմբ.) ինչ է հասկացել նրա ասածներից: Հետեւաբար, ես կարծում եմ, որ ինքը կներկայացնի, եւ երկրորդ՝ եթե ինքն ինչ-որ բան գաղտնի պահի, դա շատ շուտ ժամանակի ընթացքում ջրի երես դուրս կգա», — նշեց Ստյոպա Սաֆարյանը:

Ստյոպա Սաֆարյանը խոստովանում է, որ  Րաֆֆի Հովհաննիսյանը «ոչ ստանդարտ, ոչ ուղղագիծ վարքագծով, երբեմն անհասկանալի քաղաքական գործիչ է»:

«Այնքան անհասկանալի, որ իշխանությունները չպատկերացրեցին, որ բարեւով հեղափոխություն կարելի է իրականացնել: Բայց եթե որեւէ մեկը չի հասկանում նրան, ապա դրա միակ բացատրությունն այն չէ, որ կա գործարք, կա չգիտեմ ինչ:

Ստյոպա Սաֆարյանը նշեց նաեւ, որ բացի «փողոցում» տեղի ունեցող գործընթացից, Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները նաեւ իրավական գործընթաց են առաջ տանում: Մասնավորապես, մի շարք տեղամասերում վերահաշվար կատարելու դիմումներ են ներկայացվել, բայց, օրինակ, թիվ 2 եւ թիվ 3 ընտրատարածքային հանձնաժղովները հրաժարվել են այդ պահանջից:

«Բավական էր բացել 7 տեղամասերի արդյունքները եւ երրորդ ընտրատարածքում  Սերժ Սարգսյանի չնչին առավելությունը կվերանար», — ասաց «Ժառանգության» քարտուղարը՝ հավելելով, որ ԸԸՀ-երի րոշումները բողոքարկվելու են ԿԸՀ:  

Ինչ վերաբերում է այլ խորհրդարանական ուժերի մասնակցությանը Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին, Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն իր կոչն արել է՝ «Բոլորն ունեն շատ հստակ կողմնորոշման հնարավորություն՝ կանգնել այնտեղ, ժողովրդի հետ միասին, ամրագրել ժողովրդի հաղթանակը, կամ չկանգնել եւ չավելացնել ժողովրդի ուժերը»: 

Նախորդ հոդվածը‘ Արմեն Արզումանյան. Պարոն Հովհաննիսյանի հետ հանդիպման լուսաբանման ձևաչափը հանդիպումից առաջ քննարկվել է և պայմանավորվածություն է ձեռք բերվել’
Հաջորդ հոդվածը‘«Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր». Վանաձորի քաղաքապետ’