‘Ստրելկովը հայտարարել է, որ ինքն է սկսել պատերազմն Ուկրաինայում’

1177

«ԴԺՀ պաշտպանության նախկին ինքնահռչակ ղեկավար» Իգոր Ստրելկովը (իսկական ազգանունը՝ Գիրկին) հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում ռազմական գործողություններ սկսելու պատասխանատվությունն ինքն է կրում:

«Եթե մեր ջոկատը չանցներ սահմանը, արդյունքում ամեն ինչ կավարտվեր՝ ինչպես Խարկովում, ինչպես Օդեսայում: Կլինեին մի քանի տասնյակ զոհեր, այրվածներ, ձերբակալվածներ: Եւ դրանով ամեն ինչ կավարտվեր»,- հայտարարել է նա «Завтра» թերթին տված հարցազրույցում:

Ստրելկովի խոսքով՝ իր ջոկատն սկսել է լրջորեն կռվել ու ոչնչացնել «աջ սեկտորի դիվերսիոն խմբերը»:

«Եւ ես անձամբ պատասխանատվություն եմ կրում այն ամենի համար, ինչ տեղի է ունենում: Նրա համար, որ Դոնեցկը մինչև հիմա գնդակոծվում է: Ես պատասխանատու եմ դրա համար: Ես պատասխանատվություն եմ կրում նրա համար, որ Սլավյանսկը թողնվել է»,-ասել է Ստրելկովը:

Իգոր Ստրելկովը Դոնեցկի  ապստամբներին ղեկավարել է 2014 թ. մայիսից մինչև օգոստոս: Անջատականների մի քանի լուրջ անհաջողություններից հետո ԴԺՀ ղեկավարությունից հաղորդեցին, որ Ստրելկովը կամովին հրաժարական է տվել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պուտինը խոստացել է Ռուսաստանում թույլ չտալ «գունավոր հեղափոխություն»’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն Ուկրաինայի Հերոսի կոչում կշնորհի «Երկնային հարյուրյակի» բոլոր մասնակիցներին’