‘Սփյուռքահայ գործարարը Էդմոնդ Խուդյանը դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան’

582

ՀՀ դատարաններում անկախ երկարատև պայքարից այդպես էլ տուժող չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Սփյուռքահայ գործարարի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ՄԻԵԴ դիմումը ներկայացնում է Խուդյանի գործով դատավարություների ընթացքում տեղի ուենցած մի շարք խախտումների` մասնավորապես Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի` արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով:

ՀՀ վճռաբեկ դատարանը հերթական անգամ հետևելով իր որդեգրած քաղաքականությանը` օրեր առաջ պարզապես հետ վերադարձրեց սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի վճռաբեկ բողոքը: Ամերիկահայ գործարարը բողոքարկում էր երկու ամիս առաջ ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատավճիռը, որով կրկին անգամ նրան տուժող չէին ճանաչել:

Հիշեցնենք, որ սփյուռքահայ գործարարին ՀՀ դատարանները արդեն երկրորդ անգամ տուժող չճանաչեցին: Սրան զուգահեռ, ամերիկահայ գործարարին պատկանող ընկերության կանխամտածված սնանկության փաստով նախաքննության սկսվելուց 2 տարի հետո նոր միայն համալիր փորձաքննություն են նշանակել: Թե ինչ փուլում են այդ փորձաքննությունները, առայժմ ոչ մի նորություն չկա: Իսկ 2 տարի առաջ սկսված և մինչ օրս չավարտվող նախաքննության ժամկետի երկարացումները գործը վերահսկող դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը` ողջամիտ է համարում:

«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ողջամիտ ժամկետներում գործի քննության, բայց այս գորոծով ողջամիտ ժամկետներ չկան: 2 տարի ձգվող ու չվերջացող նախաքննությամբ Խուդյանին խոչնդոտում են ստանալ իր վնասերի փոխհատուցումը, դատարանները ոչ մի կերպ չեն ուզում նրա տուժող ճանաչել և սա առանց որևէ հիմնավոր պատճառաբանության: Այս գործողություններով բազմիցս խախտվել է իմ վստահորդի արդար դատաքննության իրավունքը»,- ասում է ամերիկահայ գործարարի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

 Նշենք, որ սփյուռքահայ գործարարի փաստաբանները դիմել էին վճռաբեկ դատարան, քանի որ գտնում են, որ տուժող ճանաչվելու դեպքում Խուդյանը կկարողանա բացահայտել հանցագործության բոլոր մանրամասները: «Սա հիմա ոչ մեկին ձեռնտու չէ, դրա համար էլ իմ վստահորդին տուժող չեն ճանաչում»,- ասում է գործարարի մյուս փաստաբան Լեռնիկ Հվհաննիսյանը:

Այս գործով մինչ օրս ոչ մեղադրյալներ են առաջ քաշվել, ոչ էլ կասկածյալներ, իսկ մինչ ՊԵԿ քննիչը նախաքննում է, Խուդյանի ներդրումներով կառուցված շենքում նույն շարունակվում է բնակարանների վաճառքը:

Նախորդ հոդվածը‘Ուգո Չավեսը փոփոխություններ է կատարել Վենեսուելայի կառավարության կազմում’
Հաջորդ հոդվածը‘«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը ճանաչվել է տարվա լավագույն նախաձեռնությունը ‘