‘
Անցած օգոստոսի 9-ին Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթում լույս տեսած՝ Սեւան Տեյիրմենջյանի այս հոդվածը անմիջական արձագանքն է անցած ամառ Հայաստանի Սփյուռքի նախարարության կողմից ամեն տարի կազմակերպվող «Արի տուն» ծրագրի ընթացքում տեղի ունեցած միջադեպի, որն ինքնության խնդրի շուրջ ծագած վեճ էր Ուկրաինայից եւ Պոլսից եկած երևիտասարդների միջեւ: Թուրքիայից ժամանած խումբը պնդում է, որ Սփյուռքի նախարարությունը երկար ժամանակ անհաղորդ է մնացել, եւ մասնակիցներն ապահովության համար ստիպված են եղել վաղաժամ վերադառնալ Ստամբուլ:
Այս միջադեպից հետո Սեւան Տեյիրմենջյանը մատնանշում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեջ առկա հակասությունները, որոնք վերաբերում են ինքնության, հայերենի գործածման եւ Հայաստանի Հանրապետության հետ կապին:
(արեւմտահայերենից եւ դասական ուղղագրությունից փոխադրությունը՝ iLur.am-ի)
Հայաստանի Սփյուռքի նախարարության կողմից ամեն տարի կազմակերպվող «Արի տուն» ծրագիրն առաջին հայացքից բարի նպատակ ունի՝ Հայաստանին, ոմանց խոսքով՝ հայրենիքին կապել այն երիտասարդներին, որոնք ծնված լինելով այդ երկրի սահմաններից դուրս, պետք եղածի չափ չեն ճանաչում այն, նրա պատմությունը չգիտեն, ավանդույթներին, նիստուկացին ծանոթ չեն եւ այլն: Ծրագրի կազմակերպիչը Հայաստանը դիտում է որպես տուն, ուր պետք է վերադառնան աշխարհացրիվ հայերը: Նույն այդ կազմակերպիչը հայերենն էլ վստահաբար համարում է միակ եւ անփոփոխ մայրենին բոլոր այն հայերի համար, որոնք ծնվել են «արտասահմանում»: Հետեւաբար, չի կարելի թույլատրելի համարել որեւէ «օտար» լեզվի գործածությունն այդ ծրագրի շրջանակներում: Առավելեւս, թուրքերենի գործածությունը, որն պարսավելի արարք է անկասկած:
Ծրագրի խորագիրն անգամ մատնում է այն մտայնությունը, որը տիրում է Սփյուռքի նախարարության միջանցքներում: «Արի տուն»: Սփյուռքահայ հասարակ մահկանացուն, մանավանդ աշակերտը, նույնիսկ շատ անգամ դպրոցում պաշտոնավարող ուսուցիչը հայաստանցիների կողմից հաճախ օգտագործվող «արի՛» հրամայականը շփոթելու է Արի արական անվան հետ, որը հաճախ է գործածվում Պալսի եւ այլ գաղութներում, եւ միամտաբար հարցնելու է՝ «Արին ո՞վ է»:
Ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլեւ իրենց կողմից պարգեւատրված սփյուռքի հայապահպանները այս պարագայում մեկ բան են ասում՝ «Թող սովորեն, հոգ չէ»:
Տան պարագան էլ կա, անշուշտ: Հայրենասիրական, ազգասիրական խոսքերը մի կողմ պետք է թողնեմ եւ անկեղծորեն հայտարարեմ, որ Հայաստանի Հանրապետությունն ինձ համար տուն չէ, չի լինելու ապագայում էլ, անգամ եթե մի օր այնտեղ բնակվեմ: Շատ սիրելի մի վայր է, որտեղ ունեմ բազում ընկերներ, հիշողություններ: 1993-2005 թվականներին, այսինքն, 12 տարի այնտեղ եմ ուսանել, ապրել: Թերեւս շատ ավելի այն անձանցից, որոնք օրնիբուն «Հայաստանը մեր հայրենիքն է» են գոռում: Եվ, շատ սիրելի Հայաստանի իշխանություններ, իմացեք, որ «Արի տուն»-ի մասնակից երիտասարդների մեծ մասը (մի կողմ թողեք զգացմունքային հայտարարությունները) ձեր երկիրը իրենց տունը չեն համարում: Ամեն մարդ ուրախ է այնտեղ, որտեղ ապրում է, որտեղ ծնվել է: Այս խոստովանություններն էլ անշուշտ, ոչ մի նշանակություն չունեն, գիտեմ, նաեւ չեն փոխելու այն մտայնությունը, որ ունեք դուք եւ ձեր՝ մի քանի տարին մեկ Երեւանի կենտրոնում տասնօրյա զբոսաշրջային պտույտներ կատարող սփյուռքահայ հայապահպանները. «Թող իմանա՛ն, որ իրենց տունն այստեղ է»:
Այնտեղ, որտեղ կա այս մտայնությունը, անխուսափելի է բախումը գոնե թուրքահայ խմբերի հետ: Բոլոր այն նախաձեռնությունների ընթացքում, որոնք կազմակերպվել են «Արի տուն» մտայնությունն ունեցող Հայաստանի իշխանությունների կողմից, խնդիրներ են ծագել թուրքահայ խմբերի հետ՝ սկսած Համահայկական խաղերից մինչեւ «Արի տուն»-ի նման պատանեկան հավաքները: Գլխավոր հարցը թուրքերենի գործածությունն է եղել շատ անգամ: Ներելի է, երբ Ռուսաստանի խումբը խոսի ռուսերեն, Ֆրանսիայինը՝ ֆրանսերեն կամ Արգենտինայինը՝ իսպաներեն… Ազգասիրության կամ հայրենասիրության այն տեսակը, որի խորքում երբեմն նկատվում է Ցարական Ռուսաստանից մինչ այժմ ավանդված հակաթրքականությունը, անկարելի է, որ ընդունի այն իրականությունը, որ հայ ժողովրդի լեզուներից մեկն էլ թուրքերենն է, նույնիսկ շատ ավելի, քան ֆրանսերենը, անգլերենը: Որ, օրինակ, Թեքեյանի մայրը թրքախոս էր, պատմական Հայաստանի հայությունը երբեմն մեծամասամբ թրքախոս էր, ունեինք թուրքերենով ստեղծագործողներ… Անշուշտ, ցանկալի է, որ ամենքն էլ խոսեն հայերենով, սակայն երբ մարդկանց իրենց «տունն» եք կանչում, թողեք, որ խոսեն այն լեզվով, որով իրենք իրենց հանգիստ են զգում:
Երբ մտայնությունը փոխվում է, փոխվում է նաեւ մոտեցումը, բարեբախտաբար: Ուղեկցել եմ խմբերի՝ մասնակցելու «Գյուլբենկյան» հաստատության նախաձեռնությամբ կազմակերպված ծրագրերին կամ լսել եմ բազմաթիվ վկայություններ այն անձանցից, որոնք Հայաստանում մասնակցում են տարբեր կազմակերպությունների միջոցառումներին, ինչպես «Թումոյի» կամ Դիլիջանի միջազգային դպրոցի ամառային ճամբարները: «Արի տուն»-ի նման պոռոտ խորագրեր թեեւ չունեն դրանք, եւ ոչ էլ սովետական կոմերիտմիության նախկին մի վարիչ իրենց գլխին: «Սովորեցնե՛նք»-ի, «թող սովորե՛ն»-ի, «հայերե՛ն ենք խոսելու»-ի մտայնությունը տիրապետող չէ այդ հավաքներում, որտեղ ամեն մարդ իր ուզած լեզվով է խոսում: Մի մտահոգվեք, որովհետեւ հետո, առանց գիտակցելու, ինքնաբերաբար հայերեն էլ են սկսում խոսել, Հայաստանն էլ են ճանաչում, հայաստանցուն էլ են տեսնում եւ սիրում: Հաջորդ տարի կրկին մասնակցելու խոստումով էլ բաժանվում են իրարից:
Մինչեւ որ Հայաստանի Սփյուռքի նախարարությունը մտայնության փոփոխություն չկատարի, նման վեճերն անխուսափելի են: Սակայն քանի դեռ նախարարությունը հետեւում է ավանդական սփյուռքի տարածքում իր կողմից շքանշանադրած խմբագրերի գրածներին, որոնք «անհարգալիր կեցվածքով», «անխոհեմ որոշում»-ով, «մի կաթիլ ջրի մեջ փոթորիկ ստեղծել»-ով մեղադրում են պատանիներին՝ առանց խորքային քննության ենթարկելու խնդիրը, հազիվ թե ինչ-որ բան փոխվի: Հետեւաբար, նախարարությունն էլ կշարունակի ընկալվել որպես մի կազմակերպություն, որը երկրում սասանված վարկը փորձում է ոտքի վրա պահել սփյուռքում:
‘