‘Սփյուռքի նախարարությունը սիրիահայերի հիմնախնդիրների նոր ցանկ է ներկայացնելու ՀՀ կառավարությանը ‘

860

Հոկտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրների լուծման աջակցության միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ: Այդ մասին iLur.am-ի թղթակիցը տեղեկացավ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունից: 

Նիստի ընթացքում նախարարը ևս մեկ անգամ նշեց, որ սիրիահայերի հիմնախնդիրները ՀՀ նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում են, և արդեն կայացվել են ՀՀ կառավարության, ինչպես նաև համապատասխան գերատեսչությունների՝ մեկ տասնյակից ավելի որոշումներ, օրենսդրական մի շարք փոփոխություններ: Որպես համակարգող գերատեսչության ղեկավար՝ ՀՀ սփյուռքի նախարարը հորդորեց այսուհետ ևս առաջնահերթության կարգով ընթացք տալ սիրիահայերի կողմից բարձրացված յուրաքանչյուր հարցի: 

Նիստին ներկա գերատեսչությունների ներկայացուցիչները տեղեկություն հաղորդեցին մինչև օրս սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների մասին, ներկայացրին այն հարցերը, որոնք դեռևս լուծում չեն ստացել: Ըստ զեկույցների՝ ևս մեկ անգամ նշվեց, որ սիրիահայերը հնարավորություն ունեն անվճար բուժօգնություն ստանալ առաջնային բուժսպասարկման ոլորտում, դյուրացվել է անձնագրերի և երկիր մուտք գործելու արտոնագրերի տրամադրման գործընթացը: Զրոյացված են փաստաթղթերի ժամկետանց լինելու պարագայում սահմանված տույժերը: Չեն գանձվում մեքենաների ժամանակավոր ներմուծման դեպքում սահմանված մաքսային վճարները: Երևանում գործում է սիրիական կրթական ծրագրով դպրոցը, որտեղ սովորում են 270 աշակերտներ, դասավանդում են սիրիահայ ուսուցիչներ: 

ՀՀ սփյուռքի նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրեց առանցքային մի քանի հիմնահարցերի վրա, ինչպիսիք են՝ Հայաստան եկող սիրիահայերի աշխատանքի տեղավորման, բնակարանով ապահովման հարցերը: Նախարարը նշեց, որ սիրիահայերի կողմից առաջ բերված բոլոր ընդհանրական խնդիրները ստացել են համապատասխան լուծումներ, մինչդեռ ժամանակի ընթացքում առաջանում են նոր խնդիրներ, որոնք անհապաղ ուշադրություն են պահանջում: 

Հանդիպման ավարտին քննարկվեցին առաջիկա անելիքները, սահմանվեցին սիրիահայերի հիմնախնդիրների նոր առաջնահերթություններ ու դրանց հնարավոր արդյունավետ լուծումների ուղիները: 

Հանդիպման արդյունքում ձևակերպվեց առաջ քաշված հիմնախնդիրների ցանկը, որոնք ներկայացվելու են ՀՀ կառավարություն:

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայի ամենախոշոր նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը դարձավ հեղինակավոր «Էդիսոն Award» մրցանակաբաշխության նոմինանտ’