‘Սևանից բաց կթողնվի առավելագույն քանակի` 170 մլն խմ ջուր’

772

Սեւանա լճից այս տարի նախատեսվում է բաց թողնել 170 մլն խմ ջուր: Այս մասին այսօր Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացրած առաջարկով որոշում է կայացրել կառավարությունը:

Հիշեցնենք.170 միլիոն խմ-ն այն առավելագույն չափաքանակն է, որը «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս բաց թողնել լճից: Սահմանված չափը գերազանցելու համար կառավարությունը պետք է ստանա ԱԺ հավանությունը:

«Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով խնդիրը, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն ասաց. «Ռադիկալ էկոլոգները ուղղակի կասկածում են, որ չեն ուզում, որ Սեւանը արագ բարձրանա, քանի որ վիլլաներն են վտանգված, ես այդպես չեմ ուզում մտածել, բայց որ ինչ-որ բան այն չէ, դա ակնհայտ է»:

Ի դեպ, ոչ կառավարության նիստում եւ ոչ էլ ներկայացված փաստաթղթերում որեւէ հիմնավորում չկա, թե ինչն է դարձյալ լճից առավելագույն քանակով ջուր վերցնելու անհրաժեշտության պատճառը: Կարինե Դանիելյանը եւս գործադրի գործելակերպը անհասկանալի է համարում:

«Ամեն տարի ստացվում է այնպես, որ կառավարությունը ինչ-որ սթրեսային վիճակներում է հայտնվում, կամ երաշտ է, կամ ջերմաստիճանը միանգամից այնպես փոխվեց, որ ամբողջ ջուրը վերացավ, փոխանակ վերադառնար ու գետերը, ջրամբարերը լցվեր»,- նշում է մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, դեռեւս ապրիլի 11-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը կառավարության նիստում հայտարարեց, որ ոռոգման սեզոնին ընդառաջ հանրապետության ջրամբարները լիքն են 50 տոկսով:

Դրանից հետո հանրապետության ողջ տարածքով տեղումները բավական մեծ քանակ են կազմել, եւ այնուամենայնիվ, ստացվում է, որ վիճակը մնացել է նույնը:

Ի դեպ, անցյալ տարի եւս ջրամբարներւմ բավականաչափ ջուր չլինելու պատճառաբանությամբ Սեւանա լճից բաց թողնվեց թույլատրվածից գրեթե կրկնակի ավել ջրաքանակ` 320 մլն խմ, ինչը հասարակական եւ բնապահպանական կազմակերպությունների բողոքի պատճառ դարձավ:

Հենց այս փորձից ելնելով էլ, ըստ Կարինե Դանիելյանի, Սեւանի հիմնահարցերով հանձնաժողովը կառավարության առջեւ այս տարի նախապես պայման է դրել` չանցնել թույլատրելի սահմանը:

«Որպեսզի կառավարությունը չգա եւ դրանից ավելին չպահանջի` ասելով, թե երաշտ է, ջրամբարները դատարկ են եւ այլն»,- ասաց բնապահպանը:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը մտադիր է Աշտարակում «Նոր Հալեպ» թաղամաս հիմնել’
Հաջորդ հոդվածը‘Մեսութ Օզիլ. Միայն Ռոնալդուն է արժանի «Ոսկե գնդակին»’