‘
Փետրվարի 22 , շաբաթ, մեկնարկը` 19:15, Սեվիլիա, «Ռամոն Սանչես Պիսխուան»
Մրցավար` Մաթեու Լաոս
«Բարսելոնան» «Բերնաբեու»-ում սպասվող 2 ծանր հանդիպումից առաջ նախ պետք է ևս մեկ կարևոր հանդիպում անցկացնի «Ռամոն Սանչես Պիսխուան»-ում: Այո, կատալոնացիների բախտը խաղային օրացույցի հարցում ամենևին չի բերել: Վերոնշյալ ծանր հանդիպումներից առաջ ևս մեկ հանդիպում, այն էլ արտագնա և «Սևիլիա»-ի հետ: Ավելի վատ սցենար այս թիմի համար դժվար էր կանխատեսել: «Ռամոն Սանչես Պիսխուան»-ում «Բարսելոնայի» համար մշտապես «ջերմ» ընդունելություն են ապահովում, և պարզից էլ պարզ է, որ այս առումով իրադրությունն ամենևին էլ չի փոխվել: Անշուշտ, «Սևիլիան» այս պահին ճգնաժամ է ապրում, բայց ինչ կա ավելի վտանգավոր, քան վիրավոր գազանը: Թիմը, անկասկած, այսօր կմոռանա իր բոլոր խնդիրների մասին և ամբողջությամբ կտրվի սեփական դաշտում դրական արդյունք գրանցելու գործին:
«Բարսելոնայի» համար շատ հարմարավետ է առաջին հորիզոնականում, երբ թիկունքին չես զգում անգամ որևէ մեկի շնչառությունը: Այնուհանդերձ, նույնիսկ եթե հաշվի առնենք վերոնշյալ հանգամանքը, Վալվերդեն հազիվ թե խաղադաշտ դուրս բերի 2-րդ կազմը: Բոլորն էլ հիշում են, թե ինչ եղավ «Բարսելոնայի»հետ գավաթային առաջին խաղում: Կատալոնացիների մարզիչը նման բան այլևս թույլ չի տա: Պատկերացնել անգամ ցավալի է. պարտություն «Սևիլիա»-ից, այնուհետև «Ռեալ»-ից: Արդյունքում` «Ռեալը» հնարավորինս կկրճատի միավորների տարբերությունը` հասցնելով այն 3-ի: Այս ամենը հաշվի առնելով, հաստատ կարելի է ասել, որ մարզիչը «Սևիլիայի» հետ հանդիպումը չի զոհաբերի` հանուն «Ռեալի» հետ դիմակայության:
Ինչ վերաբերում է կադրային խնդիրներին, ապա «Սևիլիայի» կազմում հաստատ չեն խաղա Նոլիտոն և Էսկուդերոն: Եթե առաջին ֆուտբոլիստի կորուստը խնդրահարույց չէ, ապա երկրորդինը նվազագույնը հաճելի չէ: Դեռ լավ է, որ խաղադաշտ կարող է դուրս գալ Պրոմեսը: Հենց նա էլ կփոխարինի վնասվածք ստացած Էսկուդերոյին: «Բարսելոնայի» կազմում խաղադաշտ դուրս չեն գա Ռաֆինյան, Սիլեսենը և Արթուրը: Նրանցից իսկական կորուստ կարելի է համարել Արթուրին: Հիմնական կազմում մենք կտեսնենք Արթուրո Վիդալին:
Հետաքրքրական փաստեր
- «Բարսելոնան»վերջին 11 հանդիպումներից 8-ում գոլ բաց չի թողել:
- «Բարսելանան» «Սևիլիայի» հետ անցկացրած վերջին 11 հանդիպումներից 9-ում հաղթել է:
- «Սևիլիան» տնային վերջին 9 հանդիպումներում չի պարտվել:
- «Բարսելոնան» չի պարտվել վերջին 12 հանդիպումներում:
‘