‘Սև Գիրք’

2288

Երեկ՝ հունվարի 8-ին, մեզանից հեռացավ մեր ժամանակի ամենամեծ գրող Լևոն Խեչոյանը: Հունվարի 7-ին էլ Վահան Տերյանի մահվան օրն էր, ու Ջավախքի մեր երկու հզոր հայերը մեկ օրվա տարբերությամբ միացան հավիտենականությանը: Տարիները կապ չունեն՝ թե Խեչոյանից քանի տարի առաջ է հեռացել Տերյանը, ոչ էլ ամսաթվերն են կարեւոր. կարևորն այն հետքն է, որը նրանք թողել են մեր երկրի վրա:

Խեչոյանը իր հարազատներին և ընկերներին սփոփում էր նրանով, որ կապ չունի, թե մարդ քանի տարի է ապրում, կարևորն այն է, թե իր ապրած տարիներին ինչ է ստեղծել, եւ որ Չարենցի, Դոստոևսկու, Մեծարենցի, Դուրյանի, Մոցարտի ապրած քսան կամ քառասուն տարին հավասարազոր է հարյուրավոր ու հազարավոր տարիներ ապրելուն, քանի-որ տիեզերքը հնարավորություն է տվել նրանց դիպչել Աստծո զորությանն ու հավիտենականին:

Արցախյան պատերազմը հիմնականում իրենց ուսերի վրա վերցրին կրթություն չունեցող ու գյուղացի տղաները՝ վարորդներ, խոհարարներ, ավտո նորոգողներ, բանվորներ, հովիվներ… տղաներ, ովքեր հախուռն ձևով իրենց սրտի պոռթկումը դրեցին պատերազմի մեջ: Խեչոյանի ամենամեծ առաքելությունը կարելի է համարել այն, որ այդ հախուռն պոռթկումը, որն ուներ ազգային բովանդակություն, նրա շնորհիվ ստացավ համամարդկային ձև, ու սխալված չեմ լինի, եթե նշեմ, որ Խեչոյանի՝ պատերազմի մասին գրված պատմվածքները եզակի են հայ գրականության մեջ:

Պատերազմից հետո էլ նա չվազեց փառքի ետևից ու չընդունեց տարատեսակ ընծաներ, թեեւ բացի այն, որ ինքը լավագույն գրողն էր,  նաև պատերազմի հերոս էր, եւ հնարավորություն ուներ օգտվելու այլ հրամանատարներին ընձեռված հնարավորություններից: Նա միշտ շեշտում էր՝ ինչպե՞ս մարդ կարող է վազել վայելքների ետևից, եթե զինակից ընկերները օրվա հացի խնդիր են լուծում:

2008-ի շարժման առաջին իսկ օրվանից նա կանգնած էր Համաժողովրդական շարժման կողքին ու մինչև իր կյանքի վերջին օրը մի սանտիմետր անգամ չհեռացավ դրանից, չգնաց տարաբնույթ ձևերով իրեն արված առաջարկների ետևից՝ լինեին դրանք հերոսի կոչման, թե ծանր հիվանդությունից փրկվելու համար առաջարկվող ֆինանսական օգնության տեսքով:

Երկար կարելի է խոսել Լևոն Խեչոյանի մեծության մասին, սակայն մի բան հստակ է. նրա  մահով մեր երկիրը զրկվեց ամենաարժանապատիվ մարդկանցից մեկից, որի կարիքը ամենաշատն ունի մեր ժողովուրդը: 

Հ.Գ. Եթե Հայաստանի գործող իշխանությունները մի փոքր ողջախոհություն ունենան, ապա Լևոն Խեչոյանը կթաղվի Կոմիտասի անվան պանթեոնում՝ Մարտիրոս Սարյանի ու Ավետիք Իսահակյանի կողքին:

Լեո Ամիրյան

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանն արգելափակել է Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Հոգեբուժարաններում անվճար իրավաբանական օգնություն կտրամադրվի’