‘Ս. Դանիելյան. ԵՄ ասոցացման գործընթացն ի սկզբանե բլեֆի վրա էր հիմնված’

827

«Հետք» էլեկտրոնային պարբերականի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով Մաքսային միությանը անդամակցելու՝ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, նշել է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման գործընթացը հենց սկզբից բլեֆի վրա է հիմնված եղել: Ստեփան Դանիելյանը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի իշխանությունները երբեք լուրջ բարեփոխումների չէին գնա, քանի որ այդ բարեփոխումների հետևանքով իշխանության ճյուղերը, Սահմանադրության համաձայն, պետք է տարանջատվեին, իշխանությունն ու տնտեսությունը ևս պետք է իրարից առանձնանային, դատական իշխանությունը պետք է անկախանար, ինչը կնշանակեր մի բան՝ հեղափոխություն, որի արդյունքում շատ պաշտոնյաներ, անգամ՝ ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաներ, պետք է հայտնվեին համապատասխան վայրերում, ուստի այդ մարդիկ երբեք սեփական կամքով նման ուղի չէին ընտրի:

Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչու էին Հայաստանի իշխանությունները համաձայնել նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, Ստեփան Դանիելյանը պատասխանել է, որ դեռևս 2007 թվականից եվրոչինովնիկները մասնավոր զրույցներում միշտ ակնարկել են այն մասին, որ Սերժ Սարգսյանը իրենց որոշակի խոստումներ է տվել, որոնց դիմաց եվրոպական չինովնիկները պետք է ճանաչեին Հայաստանում տեղի ունեցող ընտրությունները և արտաքին լեգիտիմություն հաղորդեին ՀՀ իշխանություններին, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը պետք է տրվեին վարկեր, գրանտներ և այլն:  

 

Նախորդ հոդվածը‘Տեր-Պետրոսյանի սեպտեմբերյան թեզիսները’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանը «դուրսպրծուկ» է անվանել ՌԴ նախագահի խորհրդականին’