‘Ս. Դեմիրճյան. Կոռումպացված իշխանությամբ անհնար է հաղթահարել առկա ճգնաժամը (տեսանյութ)’

1069

Ստորեւ ներկայացնում ենք ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին:

Վարչապետը վերջերս նշեց, որ աշխարհում տնտեսական պատերազմ է ընթանում, և Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի։

Ակնհայտ է, որ   առկա մարտահրավերներին, անբարենպաստ զարգացումներին  դիմակայելու և առհասարակ աշխարհում մեր արժանի տեղը զբաղեցնելու համար պետք  է կայացնենք արդյունավետ պետություն և մրցունակ տնտեսություն։ Սակայն տարիներ շարունակ արվել է ճիշտ հակառակը։ Կոռումպացված իշխանությամբ, առկա քրեաօլիգարխիկ համակարգով գործնականում անհնար է հաղթահարել առկա համակողմանի ճգնաժամը, կասեցնել զանգվածային արտագաղթը, վերականգնել մարդկանց վստահությունը պետության նկատմամբ։

 Ակնհայտ է նաև, որ այսօրվա բարդ և դժվարին իրավիճակում թե արտաքին սպառնալիքները չեզոքացնելու և թե մեր ազգային խնդիրները լուծելու համար  անհրաժեշտ է ուժերի համախմբում։ Միասնականությունը, ինչի մասին այսօր շատ է խոսվում, իրոք օրվա հրամայականն է։

Սակայն միասնությունը   լոկ  գեղեցիկ խոսքերով կամ կարգախոսներով չէ` անհրաժեշտ են կոնկրետ քայլեր։

Դրա համար, առաջին հերթին,  պետք է ձևավորել ժողովրդի կողմից ընտրված, ժողովրդի աջակցությունը վայելող իշխանություն։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի համախմբել հասարակությանը, փոխել երկրում առկա անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը և նախադրյալներ ստեղծել  երկրի կայուն զարգացման համար։

Իշխանությունները պետք է հասկանան, որ բռնություններով, մարդկանց ահաբեկելով  չեն կարող հասնել իրենց համար ցանկալի արդյունքների։

Նման գործելակերպը վտանգավոր է և հղի է անկանխատեսելի հետևանքներով։

Մենք դատապարտում ենք օրերս  Բերձորում իրականացված բռնությունները, որոնք համալրում են վերջերս ազատամարտիկների, քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ կիրառված բռնարարքների շարքը, և պահանջում ենք անցկացնել անաչառ քննություն ու պատժել բոլոր մեղավորներին։   Ամեն ինչ պետք է արվի այդ միջադեպի բացասական հետևանքները հաղթահարելու համար։

Բռնությունները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, իշխանության բռնազավթումը, ամենաթողությունն ու անպատժալիությունը փլուզում են մեր պետականությունը։   Այսպես շարունակել հնարավոր չէ։ Բոլորս պետք է գիտակցենք, որ առանց   ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների անցկացման և երկրում օրինականության հաստատման՝  մեր  պետությունը որևէ հեռանկար չունի։

Նախորդ հոդվածը‘Միքայել Մելքումյան. Իշխանության քաղաքական բովանդակությունը այլեւս իր վստահության ռեսուրսը կորցրել է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Կոնգրեսը խստորեն դատապարտում է ռեժիմի այս քստմնելի կեցվածքը (տեսանյութ)’