‘Ս.Դեմիրճյան. ՄԻՊ-ի զեկույցում նշված բացասական երևույթները կրում են խրոնիկ բնույթ’

1487

Ստորեւ ձեզ ենք ներկայացնում գործուղման մեջ գտնվող Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Ստեփան Դեմիրիճյանի ելույթի տեքստը, որը վերջինս պետք է հնչեցներ այսօր ԱԺ-ում՝ «2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցի քննարկման ժամանակ:

Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) իր « 2013 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցում մանրամասն հաշվետվություն է ներկայացրել իր կատարած աշխատանքների մասին, բավականին հանգամանալից անդրադարձել է մարդու իրավունքների բնագավառում տիրող վիճակին, ոլորտ առ ոլորտ արձանագրել է առկա խնդիրները, թերությունները և առաջարկներ է ներկայացրել դրանց վերացման նպատակով։

Պետք է ասել, որ զեկույցում նշված բացասական երևույթները, չլուծված խնդիրները կրում են խրոնիկ բնույթ։

Արդեն վեց տարի շարունակ ընթացող՝ մարտի 1-ի 10 զոհերի նախաքննության վերաբերյալ ՄԻՊ-ը իր մտահոգությունները ներկայացրել էր իր նախորդ ( 2011,2012 թթ.) զեկույցներում։ Սակայն 2013 թվականին Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) չի ներկայացրել որևէ տեղեկություն մարտի 1-ի գործի կապակցությամբ։

Ինչպես գիտեք, ընդդիմությունն իր հերթին առաջարկում էր մարտի 1-ի գործը ուսումնասիրելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, սակայն այն մերժվեց ԱԺ մեծամասնության կողմից։ Բայց ո՞վ է հավատում, որ մարտի 1-ի ոճրագործությունը հնարավոր չէր բացահայտել։ Դա պետք է վաղուց արված լիներ։ Սակայն առ այսօր որևէ մեկը պատասխան չի տվել Երևանի կենտրոնում կատարված 10 սպանությունների համար։ Հետևությունը մեկն է՝ ամեն ինչ արվել և արվում է մարտի 1-ի ոճրագործությունը կոծկելու համար։

Դատական համակարգում տիրող ապօրինություններին, բազմաթիվ անարդար դատավարություններին ՄԻՊ-ը անդրադարձել էր նաև 2012 թվականի տարեկան զեկույցում, սակայն որևէ դրական տեղաշարժ այդ համակարգում չենք կարող արձանագրել։ Մեր քաղաքացիները չեն վստահում դատական համակարգին ( դա են ցույց տալիս տարբեր հարցումները)։ Եվ ինչպե՞ս կարելի է վստահել, երբ տեսնում են, որ ոմանք անձեռնմխելի են և նույնիսկ մարդասպանության համար չեն դատապարտվում։ Երբ երկրում կա երկու տեսակի արդարադատություն, մեկը՝ սովորական մահկանացուների համար, մյուսը՝ մեծահարուստների և իշխանավորների համար։

Համաձայն ներկայացված զեկույցի, չնայած դատական համակարգում առկա համատարած խախտումներին՝ դատավորների նկատմամբ հարուցվել է ընդամենը երեք կարգապահական վարույթ։

Բացասական երևույթները շարունակական բնույթ են կրում ոստիկանությունում, դատախազությունում։ Ըստ զեկույցի՝ ձերբակալված և կալանավորված անձանց նկատմամբ արձանագրված բռնության 363 դեպքերից ընդամենը 3,4 % -ի դեպքում է հարուցվել քրեական գործ։ Խաղաղ պայմաններում բանակում մահացած անձանց քրեական գործերը շարունակում են մնալ չբացահայտված։

Ինչպես և նախորդ զեկույցում՝ ներկայացված զեկույցում նույնպես արձանագրված է, որ հարկային և մաքսային մարմինների որոշ պաշտոնական անձինք միաժամանակ զբաղվել են նաև ձեռնարկատիրական գործունեությամբ և առավելություններ ստացել միևնույն շուկայում գործող այլ գործարարներին նկատմամբ։ Այստեղ պետք է ավելացնել, որ պաշտոնական դիրքի չարաշահումը, պաշտոնական դիրքը սեփական բիզնես շահերին ծառայեցնելը տեղ է գտել ոչ միայն հարկային և մաքսային համակարգերում։ Կոռուպցիան ամենուր է, այդ թվում՝ նաև իշխանության ամենաբարձր օղակներում։

Իշխանության և բիզնեսի սերտաճումը եղել և մնում է լրջագույն խոչընդոտ տնտեսության առողջացման համար։

Նոր չեն նաև զեկույցում արձանագրված մտահոգիչ երևույթները առողջապահության, բնապահպանության, կրթության և այլ ոլորտներում։

Զեկույցում ՄԻՊ-ը անդրադարձել է նաև 2013 թվականի նախագահական ընտրություններին և առաջարկներ է ներկայացրել ընտրական գործընթացի բարելավման ուղղությամբ, մասնավորապես, որպես խախտումների կանխարգելման առավել արդյունավետ մեխանիզմ՝ նախատեսել մատների թանաքոտումը՝ որպես ընտրողների ստուգման երկաստիճան համակարգ։ Նույն և մի շարք այլ առաջարկություններ, ուղղված ընտրական գործընթացի որակի բարձրացմանը, ընտրախախտումների բացառմանը, բազմիցս արվել են ընդդիմության կողմից, սակայն մշտապես մերժվել են։ Իհարկե, պետք է նաև նկատի ունենալ (դրա մասին մենք շատ ենք ասել), որ ամենակատարյալ օրենսգիրքը չի կարող ապահովագրել կեղծիքներից և խախտումներից, եթե իշխանության նպատակը ոչ թե արդար ընտրությունների ապահովումն է, այլ ամեն գնով իշխանությունը պահելը և վերարտադրվելն է։ Մեր երկրում կեղծիքները կրում են համակարգային բնույթ, այդ գործին լծվում է ամբողջ պետական մեքենան։

Ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումը ժողովրդավարական հասարակարգի անկյունաքարն է։ Եվ ավելորդ է խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին, երբ մարդիկ զրկված են ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու, փոխելու իրենց սահմանադրական իրավունքից։

Սահմանադրությունը բազմիցս խախտած, ընտրություններ կեղծած, դատավարություններ պատվիրած, քաղաքացիների արժանապատվությունը ոտնահարած վարչախումբը հիմա խոսում է սահմանադրական փոփոխությունների, սահմանադրությունը ավելի մարդակենտրոն դարձնելու անհրաժեշտության մասին։ Այստեղ ավելորդ չէ նշել, որ 2005 թվականին կեղծիքներով իրականացված սահմանադրական փոփոխություններից հետո ոչ ընտրությունների որակն է փոխվել, ոչ դատարաններն են ավելի անկախ դարձել, ոչ էլ մարդիկ են իրենց ավելի պաշտպանված զգում սեփական երկրում։

Անհրաժեշտ են իրական փոփոխություններ, ոչ թե արհեստական օրակարգեր, և առաջնահերթ խնդիր է մնում, համաձայն սահմանադրության՝ իշխանության ձևավորումը, երկրում անպատժելիության վերացումը, կոռուպցիայի դեմ իրական պայքարի ծավալումը, իշխանության և բիզնեսի տարանջատումը, օրենքի առջև բոլորի հավասարության ապահովումը։

Միայն այդ դեպքում կկասեցվի ահագնացող արտագաղթը, կվերականգնվի մարդկանց հավատը պետության ապագայի նկատմամբ, և կապահովվի մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքը։

Նախորդ հոդվածը‘Հանրապետական երիտասարդը այրում է իր անդամատոմսը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ. Վրաստանում Սիրիայի աշխարհազորայինների մարզական ճամբարի ստեղծումը վտանգավոր է Կովկասի համար’