‘Ս.Դեմիրճյան. Սա երկրում ստեղծված իրավիճակին համարժեք բյուջե չէ (տեսանյութ)’

956

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ելույթը՝ 2015-ի բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

«Կարելի է տարբեր անվանումներ տալ 2015 թվականի բյուջեի նախագծին, սակայն ակնհայտ է, որ այն չի կարելի համարել զարգացման բյուջե։ 2014 թվականի բյուջեի նկատմամբ ծախսերը ավելանում են ընդամենը 52մլդ դրամով, որից 41մլդ դրամը՝ աշխատավարձի գծով։  Կանխատեսվող 4.1 տոկոս տնտեսական աճը, նույնիսկ եթե իրականություն դառնա, բավարար չէ։ Պետք է նշել, որ  կառավարության միջնաժամկետ ծրագրով կանխատեսվում էր 5 տոկոս տնտեսական աճ, նախատեսվում էր 1 տրլ 228 մլդ դրամի եկամուտ, բայց ներկայացված նախագծով խոսքը 1տրլ 184մլդ դրամի մասին է։ 2014 թվականի բյուջեով էլ կանխատեսվում էր 5.1 տոկոս տնտեսական աճ, սակայն հիմա  4 տոկոս տնտեսական աճի ապահովումը ներկայացվում է որպես ձեռքբերում։

Ըստ   ԱՄՀ-ի՝ այս տարվա տնտեսական աճը չի գերազանցի 2.7 տոկոսը, և դա պայմանավորված է արտաքին գործոններով՝ ՌԴ-ի տնտեսական վիճակի վատթարացմամբ, համաշխարհային տնտեսական իրավիճակով։ Ակնհայտ է, որ ռուբլու արժեզրկումը բացասաբար է ազդում մեր տնտեսության վրա, ծանր հարված է հասցնում Ռուսաստանից դրամական օգնություն ստացող մեր հայրենակիցներին (իսկ դրամական օգնությունների 80 տոկոսը գալիս է ՌԴ-ից)։ Անցած չորս ամիսների ընթացքում ՌԴ-ի բանկային համակարգով ուղարկվող տրանսֆերտները նվազել են 43 մլն ԱՄՆ դոլարով։

Ներկայացված բյուջեի նախագծում արտացոլված չէ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, ինչը էական ազդեցություն կարող է ունենալ բյուջեի վրա։ Առհասարակ, անորոշությունները ներկայացված նախագծում շատ են։

 

Ելույթ ունենալով ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում՝ վարչապետը ասաց, որ կառավարությունը չունի կախարդական փայտիկ, որ մեկ ակնթարթում լուծի կուտակված խնդիրները, վերացնի տարիներով ձևավորված արատավոր պրակտիկան։

Ինչ խոսք, երկրի այսօրվա ծանր սոցիալ-տնտեսական վիճակը մեկ օրում չի առաջացել, այլ հետևանք է տարիներ շարունակ իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականության, այն քաղաքականության, որի արդյունքում հարուստները է՛լ ավելի են հարստանում, իսկ աղքատները է՛լ ավելի են աղքատանում։ Սակայն ակնհայտ է, որ կառավարության շատ անդամներ  իրենց ավանդն են ունեցել երկրում արատավոր համակարգի, արատավոր պրակտիկայի ձևավորման գործում։

Այս կառավարությունը նախորդի, նախորդների օրգանական շարունակությունն է։

Հիմա շատ է խոսվում արտահանման ծավալները ավելացնելու անհրաժեշտության մասին, բայց ի՞նչ է արվել տարիներ շարունակ արտահանումը խթանելու համար՝ թե՛ գործող, թե՛ նախորդ վարչախմբերի կողմից։ Ամբողջ քաղաքականությունը ուղղված է եղել շուկայում մենաշնորհային դիրքեր զբաղեցնող ներկրողների, մի խումբ մարդկանց շահերի սպասարկմանը։ Կառավարությունը ասում էր, որ Հայաստանը շահելու է ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից, քանի որ դա հնարավորություն է տալիս մեծացնելու Ռուսաստան արտահանվող գյուղմթերքների ծավալները։ Բայց ի վիճակի՞  ենք  մենք դա իրագործել, ունե՞նք համապատասխան հզորություններ։ Այս տարվա ինն ամիսներին Հայաստանից ՌԴ արտահանման ծավալները, 2013 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ, նվազել են 6.5 տոկոսով ( 2013 թվականի 235.1 մլն դոլլարից- 219.8 մլն դոլլար), ընդ որում՝ արտահանումը ամենաշատը նվազել է սննդամթերքի ապրանքախմբի գծով ( 9 տոկոսով)։

Թե ներկա, թե նախորդ կառավարությունները առաջնահերթ խնդիր են համարել տարածքների համաչափ զարգացումը։ Բայց ի՞նչ պատկեր ունենք այսօր, վիճակը պարզապես աղետալի է։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանի 12457 առևտրի կետերում այս տարվա առաջին 9 ամիսներին իրականացվել է 714 մլդ 105 մլն դրամի առևտուր, որից 635 մլդ 86 մլնը՝ Երևանի առևտրի կետերում։ Այսինքն՝ առևտրի 90 տոկոսը իրականացվում է Երևանում։

Վարչապետը  կոչ է անում հնարավորինս զերծ մնալ պոպուլիզմից։ Առանց պոպուլիզմի նշույլի պետք է ասել, և դա ակնհայտ է, որ բյուջետային մուտքերը էապես ավելին կլինեին, եթե իրական արդյունավետ  պայքար ծավալվեր կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ։ Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ կոռուպցիայի պատճառով տնտեսական աճի ցուցանիշը տարեկան նվազում է 2 կետով։

Թեև կառավարությունը հայտարարում է, որ փոքր բիզնեսը դիտարկում է որպես զբաղվածության աղբյուր և թիրախ է համարում խոշորը, և լի է վճռականությամբ պայքարել ստվերի դեմ, սակայն գործուն քայլեր խոշոր բիզնեսի լիարժեք հարկման ուղղությամբ չենք տեսնում։ Խոշոր բիզնեսը վաղուց սերտաճել է պետական կառավարման համակարգի հետ, այն իշխանության մեջ է, կառավարությունում է։

Առանց այդ էլ սուղ բյուջետային միջոցները արդյունավետ չեն ծախսվում։ Թե ինչպես են վատնվում բյուջետային միջոցները՝ ցույց է տալիս նաև վերահսկիչ պալատի տարեկան զեկույցը։ Ակնհայտ է, որ պետք է ավելի ռացիոնալ դարձնել ուռճացված պետական ապարատը։

Երկրի այսօրվա ծանր վիճակում, երբ մարդիկ հազիվ օրվա հացի խնդիր են լուծում, բարձրաստիճան պաշտոնյաները պետք է զերծ մնան շռայլություններից,  իրենց զսպվածությամբ և համեստությամբ օրինակ պետք է ծառայեն։ Երկրի, պետության մասին կարծիք են կազմում ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների թանկարժեք մեքենաներով և թիկնապահների քանակով, այլ աղքատության, գործազրկության մակարդակով,  կյանքի կենսամակարդակը և  որակը բնութագրող ցուցանիշներով։

Ըստ որոշ հետազոտությունների՝ Հայաստանը աշխարհի թշվառ երկրների վարկանիշում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։ Նույնիսկ եթե կասկածի տակ է դրվում այդ ուսումնասիրության օբյեկտիվությունը, պատկերը, ըստ էության, չի փոխվում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ աղքատ է բնակչության մոտ 40 տոկոսը։

Նախորդ կառավարության հրաժարականը պահանջելիս  մենք ասում էինք, որ երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու, երկիրը համակողմանի ճգնաժամից դուրս բերելու համար կառավարության փոփոխությունը բավարար չէ։ Անհրաժեշտ են ավելի խորը համակարգային փոփոխություններ։

Մենք չենք կարող  կողմ քվեարկել ներկայացված բյուջեի նախագծին։ Սա երկրում ստեղծված իրավիճակին համարժեք բյուջե չէ, և սա այն կառավարությունը չէ, այն իշխանությունը չէ, որ կարող է իրականացնել երկրի համար անհրաժեշտ փոփոխություններ»։

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. Խաղաղության կորպուսը նպաստում է Հայաստանի և ԱՄՆ միջև միջմշակութային երկխոսության զարգացմանը’
Հաջորդ հոդվածը‘Պորտուգալիա-Հայաստան հանդիպման ժամանակ «Ալգարվե» մարզադաշտը լեցուն կլինի երկրպագուներով’