‘Ս.Սարգսյանը՝ տարբեր տարիներին ԼՂ հիմնախնդրի մասին. գտեք 10 տարբերություն ‘

1370

Իսկ դուք ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանը հստակ պատկերացում ունի՞ ԼՂ հիմնախնդրի և դրա կարգավորման մասին: Կարծում եք` Սարգսյանը հստակ ռազմավարությո՞ւն ունի այն հարցում, թե ինչպիսին պետք է լինի հիմնախնդրի կարգավորման տրամաբանությունը:

Եթե այդպես է, ապա iLur.am-ը ստորև ձեզ է ներկայացնում վերջին մի քանի տարիների ընթացքում Սարգսյանի` տարբեր ԶԼՄ-ների տված հարցազրույցներից հատվածներ: Փորձեք գտնել առնվազն 10 տարբերություն:

«Ադրբեջանն «ահավոր մեծ քանակի» զինամթերք է կուտակում՝ նախապատրաստվելով պատերազմի վերսկսմանը: … Այժմ՝ հրադադարի համաձայնագրի կնքումից 18 տարի անց, Ադրբեջանը մեզ սպառնում է նոր պատերազմով: … Երբ ես ասում եմ՝ Ադրբեջանում հայատյացություն կա, երբ ասում եմ, որ Ադրբեջանը վտանգավոր քանակի զինամթերք է հավաքում և պատրաստվում է վերսկսել ռազմական գործողություններն ու հակամարտությունը լուծել այդ ճանապարհով, դա չի նշանակում, որ կարիք չկա բանակցությունները շարունակելու: Միջազգային հանրությանը կոչ եմ արել կոնկրետ քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման լուծում գտնելու համար»:

06.10.2012

«Reuters»

«Մեր սկզբունքային մոտեցումների շարքում պետք է շեշտեմ, որ այս հակամարտությունը չի կրում կրոնական բնույթ, և դրան կրոնական երանգավորում հաղորդելու բոլոր փորձերն ապակառուցողական են: Չի կարելի թույլ տալ, որ երկու մեծ կրոնները` քրիստոնեությունը և մահմեդականությունը, որոնք դավանում են մեր ժողովուրդները, փորձեն հակադրել միմյանց»:

28.11.2011

ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքից

«Չեմ կարծում, որ միջազգային հանրությունը հոգնել է: Նրանք Հայաստանից, Ղարաբաղից ու Ադրբեջանից հստակ ու վերջնական պատասխան են պահանջում: Նրանք ուզում են հասկանալ, թե արդյոք շահագրգիռ կողմերը պատրաստ են լուծում գտնել`  հիմնվելով վերը նշված սկզբունքների վրա: Նրանք մեզ ասում են` վերջապես ասացեք` «այո»  կամ «ոչ»,  այլևս  մի հապաղեք: Հուսով ենք` պատասխանը կտրվի Կազանի հանդիպմանը»:

Euronews

24.06.2011

«Հարց- Մե՞ծ է, արդյոք, ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը:

Սերժ Սարգսյան — Կարծում եմ,  նման հավանականություն կա, քանի որ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է Ադրբեջանը ձգձգում  բանակցային գործընթացը: Թերևս, ծրագրեր կան` ավելի շատ ուժերի և միջոցների կուտակման հետ կապված, որպեսզի փորձեն հարմար պահի նոր ռազմական սադրանք հրահրել: Դա սխալ մոտեցում է, քանի որ իրադարձությունները կարող են ծավալվել երկու սցենարով: Առաջին՝համընդհանուր պատերազմ և դրան հետևող ԼեռնայինՂարաբաղի օկուպացիա, որը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնահատակ բնաջնջման դեպքում: Եվ երկրորդ՝  Ադրբեջանի պարտություն, նրանց կողմից նոր տարածքների կորուստ: Եվ այդ դեպքում Ադրբեջանն արդեն կսկսի բողոքել ևս հինգ,  վեց կամ ավելի  շատ տարածքների կորստից: Իսկ հետո ի՞նչ: Նորից զինադադար, համաձայնություն, կրակի դադարեցման ռեժիմի խախտում, նոր պատերազմ… Բոլոր այս սցենարները անհեռանկարային են»:

«ՄՈՍԿՈՎՍԿԻԵ  ՆՈՎՈՍՏԻ» ԹԵՐԹ

16.05.2011

«Մենք շատ մեծ հույս ունենք, որ ի վերջո կհանգենք վերջնական արդար լուծման: Եթե մենք ելնեինք նրանից, որ լուծում չկա, մեզ և առաջին հերթին` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար շատ դժվար կլիներ ապրել»:

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ «ՊՐՈՖԻԼ» ԱՄՍԱԳԻՐ

17.09.2010

«Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե՝ պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին: Բայց «փոխզիջում» հասկացության մեջ առանցքային գաղափարը փոխադարձությունն է, և պետք է գիտակցել, որ նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկա վտանգներն ու սպառնալիքները»:

ՍԻՐԻԱԿԱՆ «AL WATAN» ԹԵՐԹ

22.03.2010

«Հարց-Ի՞նչ կարող է անել Հայաստանը` օգնելու համար Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը:

Ս.Սարգսյան- Մենք առավելագույն ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ: Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը և Ղարաբաղը շահագրգռված չեն խնդրի կարգավորմամբ, բայց դա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը: Մենք պետք է վերջ դնենք շրջափակմանը, որից մենք տուժում ենք: Ադրբեջանն այլ իրավիճակում է. հույս է դնում իր բնական հարստությունների ու նավթադոլարների վրա` սպառազինություն գնելու և հիմնախնդիրն ուժային ճանապարհով լուծելու համար: Նրանք չեն թաքցնում իրենց մտադրությունները»:

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «ՖԻԳԱՐՈ» ԹԵՐԹ

11.03.2010

«Արցախյան խնդրի կարգավորման առանցքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Ղարաբաղյան շարժումը սկսվել է կարգավիճակի խնդրից, և այդ խնդրի կարգավորումը միայն կարող է բերել հակամարտության լուծման: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա որոշելու, թե ինչպիսին պետք է լինի այդ կարգավիճակը: Դա այն կարմիր գիծն է, որից այն կողմ հայկական կողմերը չեն կարող գնալ, դրանք ենթակա չեն սակարկության: Արցախի հիպոթետիկ ենթակայությունը Ադրբեջանին հնարավոր է միայն մեկ դեպքում՝ եթե Արցախի ժողովուրդը հանրաքվեով ինքը որոշի այդ մասին: Ինչպիսի՞ն է դրա հավանականությունը՝ հայտնի է բոլորին, նույնիսկ ադրբեջանցիներին»:

«THE ARMENIAN REPORTER»

02.10.2009

«…Վերջին իրադարձությունը Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների, այսինքն` Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ հայտարարությունն էր Ակվիլայում և որոշ դրույթների, այսպես կոչված` «մադրիդյան սկզբունքների» հրապարակումը, որոնք մենք հիմա քննարկում ենք: Բոլորին հայտնի դարձավ կարգավորման ներկա փուլի հիմքում դրված տրամաբանությունը, այսինքն` «մադրիդյան սկզբունքները»: Դրանք են` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար հանրաքվեի անցկացումը, այն տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողությանը, որոնք և Դուք անվանեցիք, և Ղարաբաղը, և մենք ենք անվանում «անվտանգության գոտի», և մեր միջև բոլոր տեսակի հարաբերությունների կարգավորումը»:

Հարց-Ինչպիսի՞ն պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական և քաղաքական անվտանգության երաշխիքները, որոնք կկանխորոշեն այդ տարածքների վերադարձման հնարավորությունը:

Ս.Սարգսյան- Կարծում եմ, որ քաղաքական ու ֆիզիկական երաշխիքներն անբաժանելի են: Ամենամեծ քաղաքական երաշխիքը լավ մշակված և համաձայնեցված փաստաթուղթն է: Դրանում պետք է շատ հստակ արձանագրվի այն, ինչի շուրջ մենք պայմանավորվում ենք, որպեսզի հետո որևէ փուլում ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական, ո՛չ ղարաբաղյան կողմի համար հետագա գործողություններից խուսափելու և իրադրությունը սրելու առիթ չլինի»:

«ՎԵՍՏԻ» ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ

21.09.2009

«Երբ մենք սկսում էինք բանակցային այս գործընթացը, վստահ եմ, որ Թուրքիայում հաշվարկում էին նաև ադրբեջանցիների հնարավոր արձագանքը: Եվ չեմ կարծում, որ Թուրքիայում որևէ մեկը մտածում էր, որ Ադրբեջանում կծափողջունեն այս գործընթացը կամ կոգևորվեն դրանով: Այլ կերպ ասած, Ադրբեջանի հակազդեցությունը` որպես բանակցություններից հետ կանգնելու պատճառ, ինձ համար ընկալելի չէ: Հատկապես՝ երբ Ադրբեջանի ակնկալիքներն այս բանակցություններից չափազանցված են. Հայաստանի հետ սահմանի բացմամբ կամ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացմամբ Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում փոփոխության չի ենթարկվի: Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն ու միայն երկկողմ փոխզիջումների հիման վրա: Այն երբեք չի կարող լուծվել միակողմանի զիջումների ճանապարհով: Անկախ Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունից կամ Հայաստանի տնտեսական իրավիճակից՝ չի գտնվի մի հայ առաջնորդ, որը ստորագրի փաստաթուղթ, կամ որի մտքով անցնի Լեռնային Ղարաբաղը որևէ դրդապատճառով Ադրբեջանին հանձնելու մասին… Արդեն մեկ տարի է, ինչ զբաղվում եմ այս խնդրով՝ որպես երկրի Նախագահ, և արդեն երեք անգամ հանդիպել եմ Ադրբեջանի Նախագահի հետ: Կարծում եմ, որ ժամանակը բավականաչափ էր, որպեսզի մենք միմյանց հասկանայինք, ծանոթանայինք միմյանց դիրքորոշմանը: Հիմա եկել է ժամանակը, որպեսզի մենք կարողանանք լրջորեն քննարկել հնարավոր զարգացումները և կարգավորման հարցում առաջընթացի ճանապարհները: Ուրախ եմ, որ ադրբեջանցիները գալիս են այն գիտակցմանը, որ այս խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների համաձայն: Վերջին երեք-չորս օրերի ընթացքում հաճելի պահեր եմ ապրել՝ հետևելով իմ ադրբեջանցի գործընկերոջ` Ռուսաստան կատարած այցելությանը: Թե Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, թե ռուսական լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներում Ադրբեջանի Նախագահը խոսում էր միջազգային իրավունքի սկզբունքների մասին, իսկ մինչ այդ նրանք սովորաբար խոսում էին այդ սկզբունքներից միայն մեկի` տարածքային ամբողջականության սկզբունքի մասին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության առանցքային խնդիրը  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն է: Այս խնդիրը հարթելուն պես՝ մնացած խնդիրները հեշտությամբ կլուծվեն»:

«WALL STREET JOURNAL» ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

23.04.2009

«Տեղաշարժ կա երեք պատճառով: Նախ` Հայաստանում, ինչպես և Ադրբեջանում ու Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրություններն անցել են, ինչը դիվանագիտական առավել ակտիվության հնարավորություն է տալիս: Երկրորդ, Հարավային Օսիայի և Աբխազիայի շուրջ վերջին հակամարտությունը ակնհայտ դարձրեց, թե ինչքան մեծ վտանգ են պարունակում չկարգավորված հակամարտությունները: Ակնհայտ դարձավ, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ուժի միջոցով խեղդելու փորձը կարող է շատ ծանր հետևանքների բերել: և վերջապես, ակնհայտ դարձավ, որ մեր երկրների միջև գործող հաղորդակցության ուղիները բավարար չեն տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Մենք նույն բանը կրկնում ենք արդեն 15 տարի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով: Սա է, որ ընդգծում է Մոսկվայում նոյեմբերի 2-ին ստորագրված հայտարարությունը»:

«ՖԻԳԱՐՈ» ՕՐԱԹԵՐԹ

12.11.2008

«Ֆուտբոլը հիանալի խաղ է, իսկ «ֆուտբոլային դիվանագիտությունն», ինչպես դուք արտահայտվեցիք, կարող է միանգամայն արդյունավետ լինել: Բայց Ադրբեջանի հետ մենք բանակցություններ ենք վարում արդեն 15 տարի: և ես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի օգնությամբ, որի մեջ մտնում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները, այդ բանակցությունները կբերեն այնպիսի խոստումնալի արդյունքների, որ արդեն դիվանագիտությանը դիմելու կարիք չի լինի»:

«ԵՎՐՈՆՅՈՒԶ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

10.11.2008

«Մենք նախագահ Ալիևի հետ հանդիպել ենք այս խնդրով Սանկտ Պետերբուրգում հունիսի 6-ին: Եվ պարոն Ալիևը, և ես դրական ենք գնահատել մեր հանդիպման արդյունքները և համարել ենք, որ տեղի է ունեցել խոսակցություն, որը հիմք է տալիս շարունակելու բանակցությունները: Դրանից հետո ցուցում ենք տվել արտգործնախարարներին` շարունակել բանակցությունները` հիմք ունենալով «մադրիդյան» սկզբունքները: Նրանք արդեն ունեցել են երեք հանդիպում: Հույս ունենք, որ մենք այդ սկզբունքների ներքո կարող ենք գալ ընդունելի լուծումների:

Հարց- Կարո՞ղ եք ժամանակ նշել:

Ս.Սարգսյան- Կարծում եմ` մինչև Ադրբեջանի նախագահական ընտրությունների ավարտը որևէ ակնկալիք ունենալը ճիշտ չէ: Այնուհետև կտեսնենք` ամեն ինչ կախված է քաղաքական կամքից: Մենք պատրաստ ենք քաղաքական կամք ցուցաբերել»:

ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՌԱԴԻԿԱԼ» ՕՐԱԹԵՐԹ

14.09.2008

«Մենք երկար տարիներ խուսափել ենք խոսել այդ (կրոնական) գործոնի մասին և հաշվի առնել այն: և ոչ միայն Թուրքիայի հետ մեր հարաբերություններում, այլև մեր հարևան Ադրբեջանի հետ: Սակայն, չնայած մեր ցանկության, այս գործոնը առկա է, և այդ գործոնը շատ մեծ է: Այդ գործոնը այնքան մեծ է, որ ձգվում է հազարամյակներ, և այն թերևս մեր հակամարտության միակ գործոնն է»:

«Լոս Անջելես թայմս»

19.10.2007

Պարգև Ապրեսյան

Նախորդ հոդվածը‘Շաքիրան հրապարակել է իր առաջին լուսանկարը հղի վիճակում’
Հաջորդ հոդվածը‘Վերջին հրաժեշտ Էդուարդ Միրզոյանին (ֆոտոշարք)’