‘
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ այն ներկայացնելով գրեթե իդեալական և կայացած: Մասնավորապես՝ Հայաստանն անվանել է ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր, որտեղ գոյություն ունի կայացած քաղաքացիական հասարակություն, հավաքների ազատություն, արդար ընտրական համակարգ, և որտեղ մարդու արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները դիտվում են որպես բարձրագույն նպատակ:
Ս. Սարգսյանի խոսքերը կարող են վստահություն ներշնչող և համոզիչ համարվել միայն Հայաստանի քաղաքական դաշտի հետ որևէ առնչություն, ինչպես նաև՝ նրա կենսագրության մասին պատկերացում չունեցող մեկի, կամ, ավելի ճիշտ՝ հենց նոր լուսնից իջած այլմոլորակայինի համար: Ցավոք սրտի՝ այս հեքիաթը կարելի է կարդալ միայն թղթի վրա կամ լսել «Քաջ Նազարի» բախտին արժանացած հեքիաթի հերոսի կողմից:
Չի բացառվում, որ Ազատիչի կամքով և նորին գերագույն երաշխավորությամբ փոփոխվել է «ազատություն» բառի բուն նշանակությունը, քանի որ նա սիրում է հանդիպած ամեն ինչ լղոզել և կեղծել՝ իր սովորության համաձայն: Այսպիսով, աչքի տակ անցկացնելով ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձությունները և առկա փաստերը համեմատելով վերջինիս հայտարարության հետ՝ պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանի խոսքերը ավելին չեն, քան միջազգային հանրության աչքին հերթական թոզը փչելու փորձ:
«ՀՀ—ում մարդու իրավունքներն ու ազատությունները դիտվում են որպես բարձրագույն նպատակ»
Իհարկե՝ առնվազն ոչ սթափ գիտակցության տեր մարդը կարող է նկարներում պատկերված դեպքերը բնութագրել որպես մարդու իրավունքների գերագույն պաշտպանություն, և քաղաքացուն՝ որպես բարձրագույն նպատակ դիտելու երեւույթ: Առավելեւս, որ չնայած տեխնոլոգիաների զարգացմանը՝ գիտկանանները դեռ չեն ստեղծել այնպիսի ակնոցներ, կամ, մեր դեպքում՝ լինզաներ, որոնք այս աստիճանի կաղավաղեին պատկերը:
Ի դեպ, նկարներից մեկում ակնհայտ ճնշումներն իրականացվել են Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, մասնավորապես՝ պատկերված են 2010 թվականին Ազատության հրապարակում ՀԱԿ ակտիվիստների ազատ տեղաշարժվելու իրավունքը սահամանափակելու ժամանակ իրականացված բռնությունները և զանգվածային ձերբակալությունները, ինչպես նաև՝ հավաքների ազատության միտումնավոր խոչընդոտումը: Ինչ վերաբերում է մյուսներին, ապա բախումները տեղի են ունեցել վերջին երկու ամիսների ընթացքում, մասնավորապես՝ սեպտեմբերի 4-ին նախագահականի մոտ՝ ըննդեմ Մաքսային միությանը միանալու՝ Սերժ Սարգսյանի միանձնյա որոշմանը, օգոստոսի 24-ին՝ Կոմիտաս 5-ում ապօրինի շինարարության դադարեցման պահանջով ակցիայի ժամանակ , որը կրկին ուղեկցվեց ոստիկանության անօրինական պահվածքով, իսկ օգոստոսի 23-ին քաղաքապետարանի տարածքում հավաքված քաղաքացիների ակցիային հաջորդեց 10 քաղաքացիների ձերբակալությունը:
«Հայաստանը ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է»
ՀՀ մայր օրենքը ընթերցելու համար պարտադիր չէ բռնազավթել նախագահի պաշտոնը: Բաղրամյան 26-ում հայտնված անձը Սահմանադրությունը և մնացած օրենքները օգտագործում է միայն այն միտումնավոր խախտելու, մարդու իրավունքները ոտնահարելու և այլ երկրներում ժողովրդավարական երկրի տպավորություն ստեղծելու նպատակով: Իսկ ինչ վերաբերում է, այսպես կոչված՝ «ազատ» մամուլին, ամենավառ ապացույցը վերջերս հրապարակված՝ քննադատական, ընդդիմադիր կեցվածքով ԶԼՄ-ների շրջանում իրականացված մոնիթորիգն է, ըստ որի՝ ԶԼՄ-ների մեծ մասի համար գարնանը վարչապետի հետ կապված կոռուպցիոն սկանդալը պարզապես չի եղել:
Մեկ այլ բնութագրիչ օրինակ է 2010 թվականին հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որտեղ իշխանությունները միայն մեկ նպատակ էին հետապնդում՝ թվայնացման գործընթացքը ծառայեցնել՝ խոչընդոտելու անկախ որևէ հեռուստատեսության մուտքը եթեր՝ է՛լ ավելի սահմանափակելով նրանց թիվը: Իսկ հաջորդ՝ 2011 թվականը աննախադեպ էր ԶԼՄ-ների դեմ հարուցված դատական գործերով՝ պայմանավորված Հայաստանում վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացմամբ, ինչից հետո միայն լրատվամիջոցների նկատմամբ հարուցվեցին մոտ չորս տասնյակ դատական գործեր:
Այս փաստերը հաստատում են, որ զանգվածային լրատվամիջոցների հիմնական հատվածը ծառայում է Սերժ Սարգսյանին և նրա կողմից հովանավորվող քաղաքական կառույցներին:
«Հայաստանում գոյություն ունի արդար ընտրական համակարգ»
Հայաստանում արդար ընտրություններից խոսող անձը ՀՀ քաղաքացիների մասին մի թեթեւ հիշում է միայն ընտրությունից ընտրություն, երբ նրա հովանավորության տակ գործող թաղի խուժանը, մարդկանց 5000 դրամ բաժանելով՝ վերջիններիս ուղղակի քշում է տեղամաս եւ ընտրել տալիս Սարգսյանին կամ նրա կուսակցությանը: Իսկ թե մարդիկ հանկարծ փորձեն շեղվել նախօրոք վերևների կողմից պլանավորված ճանապարհից, նրանց դեմ դուրս կգան ողջ ոստիկանական համակարգը և ռազմական ուժերը, ինչպես դա եղավ 2008 թվականի մարտի մեկին, երբ Երևանի կենտրոնական փողոցներում գնդակահարվեցին առնվազն 10 անմեղ քաղաքացիներ, որոնց միակ նպատակը իրենց հայրենիքում օրենքի հաստատումն ու իշխանությունը ժողովրդին վերադարձնելն էր:
Ստրասբուրգում Սերժ Սարգսյանի ելույթը գեղեցիկ շարադրված մի առասպել էր, որը, ի դժբախտություն հայ ժողովրդի, որևէ ընդհանրություն չունի Հայաստանի ներկա ներքաղաքական իրավիճակի հետ, ավելին, ստեղծվել է փաստերը խեղաթյուրելու և ճիշտ հակառակ իրականությունը ներկայացնելու նպատակով:
Հ. Գ. Առաջարկ. Ելույթն ավելի խելքին մոտ դարձնելու համար կարելի էր վերջում ուղղակի ավելացնել «Պատմությունը հիմնված է իրական փաստերի վրա» ու հանգիստ սրտով վերադառնալ Բաղրամյան 26՝ չմտահոգվելով այն մասին, թե հետո ինչպես պիտի տակից դուրս գա:
Մարիամ Մուրադյան
‘