‘Ս. Սարգսյան. Մեր պատվիրակության 10 անդամներ գիտեին, որ Ադրբեջանի նախագահը նամակ է հղել ‘

1631

Պարզվում է` Սերժ Սարգսյանի համար զարմանալի է, որ շատերը Նուրսուլթան Նազարբաևի կողմից Աստանայում հնչած հայտարարությունը համարում են անակնկալ։ «Ու՞մ համար է գաղտնիք, որ Ադրբեջանը լարվածություն է ստեղծում սահմանին, խախտում է հրադադարը տասնյակ և հարյուրավոր անգամներ օրական, և, իհարկե, դիվանագիտական ճակատում էլ է պատերազմ մղում։ Անհասկանալի կլիներ, եթե Ադրբեջանի նախագահը նամակ չուղղեր և Ղազախստանի նախագահին, և Ռուսաստանի նախագահին, և Բելառուսի նախագահին։ Երբ ասում են՝ անակնկալ էր, ես չեմ կիսում այդ տեսակետը։ Մեր պատվիրակության կազմում տասից ավելի մարդ էին, և նախորդ երեկոյան մենք խորհրդակցություն էինք անցկացրել։ Այդ տասը մարդն էլ գիտեին, որ Ադրբեջանի նախագահը նամակ է հղել երեք նախագահներին։ Բացի դրանից, մենք ունենք անցյալի փորձը։ Մինսկում Ղազախստանի նախագահը այդ հարցերը բարձրացրեց, և այստեղ անականկալի գալու ի՞նչ խնդիր կա։ Բացարձակապես հարցը նպատակահարմարության մասին է՝ որտեղ ինչ կարելի է ասել։ Այնտեղ տարօրինակ ոչինչ չի հնչել։ Մի կողմ դրեք հույզերը և լսե՛ք, թե այնտեղ ինչ է հնչել։ Եվ երբ որ ես ասում էի՝ տհաճ է, տհաճությունը ոչ թե բովանդակային առումով էի ասում, այլ տհաճ է, որ Մաքսային միության անդամ երկրներից մեկի նախագահը հղում էր կատարում Ադրբեջանի նախագահի նամակին։ Միայն այսքանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ Հանրաին հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարել է Սարգսյանը։

Տարօրինակ է միայն, որ եթե հայկական պատվիրակության անդամների համար այդ նամակն անակնալ չի եղել եւ նրանք նախապես տեղյակ են եղել, որ նամակն ընթերցվելու է, ապա ո՞րն է եղել Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի շփոթված ռեակցիայի պատճառը:

Վերջում Սարգսյանը չգիտես ում խորհուրդ է տվել Արցախն իրենից չպաշտպանել, քանի որ դա, ըստ նրա, «ոչ միայն վիրավորական է, այլ նաև անհեթեթ»։

 

Նախորդ հոդվածը‘Սարգսյանը ՄՄ-ի արդյունքներից օգտվել է համարում գազի «չեղած» գինը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստան-Հարավային Կորեա. Կհաղթի՞ արդյոք Կապելոն’