‘Ս.Սարգսյան. Մի քանի օրից կստորագրվի ԵՄ մուտքի վիզաների տրամադրման դյուրացման համաձայնագիրը’

670

Ավարտին են հասել ԵՄ երկրներ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Համաձայնագիրը կստորագրվի մի քանի օրից, և ակնկալվում է, որ ուժի մեջ կմտնի մինչև 2013 թվականի կեսը: Այս մասին այսօր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ համատեղ ասուլիսում հայտնեց Սերժ Սարգսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ դրանից հետո կանցնեն մուտքի արտոնագրերի պահանջի վերացման շուրջ բանակցություններին և 2013 թվականի հունվարից ԵՄ երկրների քաղաքացիների համար կգործի առանց մուտքի արտոնագրի Հայաստան այցելության կարգը:

«Այս գործընթացի նպատակը մեկն է` խթանել շփումը մեր հասարակությունների միջև, ավելացնել փոխայցելությունների թիվը, նոր հնարավորություններ բացել ուսանողների, գիտնականների, ստեղծագործողների համար»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն էլ նկատեց, որ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման համաձայնագրին էլ ավելի կամրապնդի Հայաստանի և ԵՄ-ի միջև կապը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանի և ԵՄ երկրների միջև առանց վիզաների ճանապարհորդություններ լինեն»,- ասաց նա:

Սերժ Սարգսյանն էլ հայտնեց, որ Հայաստանի նպատակն է մինչև 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովն ավարտին հասցնել Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները, հաղորդում է PanArmenian.net-ը:

ԵՄ և Հայաստանը մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունները նախաստորագրել են հոկտեմբերի 18-ին, Բրյուսելում: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել ՀՀ քաղաքացիներին կարճաժամկետ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը (մինչև 180 օր մնալու համար): Այս համաձայնագրով մուտքի արտոնագրերի վճարը կնվազի մինչև 35 եվրո` բոլոր քաղաքացիների համար: Որոշակի խմբերի համար (աշակերտներ, ուսանողներ, գիտաշխատողներ, լրագրողներ և այլն) կպարզեցվեն ճամփորդության նպատակը հիմնավորող փաստաթղթերը: Կկրճատվեն բոլոր տեսակի մուտքի արտոնագրերի ուսումնասիրության համար պահանջվող ժամկետները:

Նախորդ հոդվածը‘Պայթյուն Հրազդանի գազալցակայան-ներից մեկում’
Հաջորդ հոդվածը‘Տվերում 40 կմ երկարությամբ խցանման պատճառով վարորդները ծանր իրավիճակում են հայտնվել’