‘
Անվերապահորեն կարելի է ասել, որ ականատեսն ենք լինելու Լա լիգայի ընթացիկ առաջնության կենտրոնական հանդիպմանը: Համենայնդեպս, դա է հուշում մրցաշարային աղյուսակը է: Առաջին 12 տուրից հետո «չղջիկները» 30 միավորով զբաղեցնում են Պրիմերայի 2-րդ հորիզոնականը և իրենց հետապնդող «Ռեալ»-ից առաջ են 6 միավորով: հենց այս հանգամանքից էլ ելնելով, արդեն կարելի է ասել, որ ինչպես էլ կդասավորվեն Մարսելինյո Գարսիայի գլխավորած թիմի գործերը գալիք գարնանը, «չղջիկները» կարող են իրենց ակտիվին գրանցել ընթացիկ մրցաշրջանը: Նախորդ տարիների համեմատ «Վալենսիան» ավելի վստահ ու կայուն մրցելույթներ է ունենում և պատահական չէ, որ կայացած 12 տուրից հետո ընդամենը 4 միավորով է զիջում առաջատար «Բարսելոնային»: Այսինքն՝ հնարավոր հաղթանակի դեպքում ընդհուպ կմոտենա կատալոնացիներին: «Չղջիկները» բավական երիտասարդ կազմ ունեն, փորձառու խաղացողներից միայն կենտրոնական պաշտպան Էզեկիել Գարայն է 31 տարեկան, իսկ Սիմոնե Ձաձան ու Գաբրիել Պաուլիստան 26 են: Մյուս խաղացողերը 22 տարեկան են, կամ ավելի փոքր. Գոնսալո Գեդեշ, Սանտի Մինա, Խոսե Գայա, Կարլոս Սոլեր, Տոնի Լատո և այլն: «Վալենսիան» վստահ ու տպավորիչ հաղթանակներից բացի, ընթացիկ առաջնությունում ցույց է տվել, որ ի զորու է արդյունք ցույց տալ՝ չցուցադրելով անհրաժեշտ խաղը, ինչը շատ կարևոր է: Օրինակ «Էսպանյոլի» հետ վերջին խաղում «Չղջիկներն» այնքան էլ լավ տեսք չունեին խաղադաշտում, սակայն կարողացան տուն վերադառնալ վաստակած 3 միավորով: Մարսելինյոյի սաներն ընթացիկ առաջնությունում դեռ պարտություն չեն կրել տարել են 9 հաղթանակ, 3 խաղ ավարտել են ոչ-ոքի: Հաշվետու խաղում «Վալենսիային» չի կարողանա օգնել կոլումբիացի պաշտպան Ջեյսոն Մուրիլյոն, որը վնասվածք ունի:

Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա թիմն անպարտելի է սկսած Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում կրած պարտությունից հետո: Էռնեստո Վալվերդեի սաները բավականին հանգիստ տեսք ունեն ու միավորը վաստակում են միավորի հետևից: Շաբաթվա ընթացքում կատալոնացիները հերթական հանդիպումն անցկացրին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում և խմբային փուլի հիգերորդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղացին Թուրինում տեղի «Յուվենտուսի» հետ: Ի դեպ, այդ խաղում մեկնարկային կազմում չէին Լիոնել Մեսսին ու Խորդի Ալբան, որոնք խաղադաշտ դուրս եկան երկրորդ կեսում: «Կապտանռնագույնները» վերջին խաղերում շատ քիչ են բաց թողնում , սակայն «Վալենսիայի» հետ կայանալիք խաղին չի կարողանա մասնակցել կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն: Հանդիպմանը չի մասնակցի նաև Խավիեր Մասկերանոն և սպասվում է, որ ընթացիկ մրցաշրջանում իր առաջին խաղն է անցկացնելու Տոմաս Վերմալենը: Թիմի հիվանդասենյակում են նաև Գոմեշը, Դեմբելեն, Ռաֆինյան, Ռոբերտոն և Թուրանը:

Սպասվում է համառ, անզիջում ու գոլառատ ֆուտբոլ:
‘