‘Վալերի Բուայեն հանդես է եկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր նախաձեռնությամբ ‘

730

Ֆրանսիայի խորհրդարանի Մարսելից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեն կրկին հանդես է եկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նախաձեռնությամբ: Այս մասին, հաղորդում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով  CNNTurk հեռուստաալիքը:

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության (UMP) անդամ Բուայեն Ազգային ժողովին առաջարկում է խորհրդարանական հետաքննչական հանձնաժողով  ձեւավորել, որը կուսումնասիրի Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նախկին օրինագիծը մերժելու պատճառները:

2012 թ-ի մայիսի վերջին Հայաստան այցելած Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի պատվիրակության անդամ Ֆիլիպ Մարինին, Երեւանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո, հայտարարել էր, որ Ֆրանսիայի նոր խորհրդարանի ձեւավորումից հետո նախկին նախագահ Սարկոզիին եւ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդին սատարող խորհրդարանական ուժերը կրկին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ կներկայացնեն խորհրդարան, որում հաշվի կառնվեն Սահմանադրական խորհրդի նկատողությունները: «Նոր փաստաթուղթը, իրավաբանական տեսակետից  պետք է անվիճելի լինի: Դրա հիմնական նպատակն այն մարդկանց պատժելն է, որոնք Ֆրանսիայի տարածքում կփորձեն ժխտել Հայոց ցեղասպանության իրողությունը», -ընդգծել էր նա: 

2011 թ-ի դեկտեմբերի 23-ին Ֆրանսիայի ազգային ժողովը Հայոց ցեղսպանության ժխտումը քերականացնող օրինագիծ է ընդունել, որով նախատեսվում էր այն ժխտողների համար սահմանել 45 հազար եվրո տուգանք եւ նվազագույնը մեկ տարվա ազատազրկում: Օրինագծի հեղինակը Վալերի Բուայեն էր: Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Բեռնար Վալերոն նշել էր, որ օրինագիծը խորհրդարանական նախաձեռնություն է, որը ներգրվում է «ռասիստական եւ նիհիլիստական հայտարարությունները պատժելու» համատեքստում: Դրանից հետո օրինագծի դեմ հայց էր ներկայացվել Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդ, որը հետագայում այն ոչ սահմանադրական էր ճանաչել:

Նախորդ հոդվածը‘Արքայազն Չարլզին մեղադրում են հարկերից խուսափելու մեջ ‘
Հաջորդ հոդվածը‘Նելսոն Մանդելան լեղապարկի քարերի հեռացման վիրահատություն է տարել ‘