‘
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին սպանած ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին տրամադրվել է հանրային պաշտպան: «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի որոշման հիման վրա, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի հունվարի 15-ի որոշմամբ Վալերի Պերմյակովին տրամադրվել է հանրային պաշտպան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ, 69-րդ և 70-րդ հոդվածների, ինչպես նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 41-րդ և 45-րդ հոդվածների հիման վրա»,-«Արմենպրեսի» հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի մամլո խոսնակ Հայկ Հակոբյանը` չհրապարակելով հանրային պաշտպանի անունը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը: Երեկ Գյումրիում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ: Ցուցարարները պահանջում էին Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավապահներին:
‘