‘Վախճանվել է գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը. Ֆիլմ Հ. Հակոբյանի մասին’

1735

Հակոբ Հակոբյանը մահացել է երեկ երեկոյան՝ հիվանդանոցում, սրտամկանի կաթվածից:

Գեղանկարիչը ծնվել է 1923թ: Նա մայիսի 24-ին կդառնար 90 տարեկան: Հակոբ Հակոբյանը սովորել է Ալեքսանդրիայում ապա Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-48) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-54)։ Հայրենիքում նրա մասին տեղեկացվել են մամուլից և այն նկարներից, որ նա 1960 թվականին նվիրել էր Հայաստանի պետական պատկերասրահին։

Հակոբյանը պարգևատրվել է ՀՀ Սբ Մեսրոպ Մաշտոցի, Հայ եկեղեցու Սբ Սահակ-Սբ Մեսրոպ շքանշաններով, արժանացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակին: Հակոբյանը 1988 թ-ին ընտրվել է ՌԴ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ:  Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Տալլինում, Տարտուում, Ռիգայում, Լվովում, Կիևում, Թբիլիսիում, Մոսկվայում, Փարիզում և այլուր:

Հակոբյանի գործերից պահվում են Երևանի, Մոսկվայի, Ռիգայի, Կահիրեի, Ալեքսանդրիայի, Բեյրութի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

Մի քանի ամիս առաջ «Ա1+»-ը ֆիլմ էր նկարահանել Հակոբ Հակոբյանի մասին։ Այն ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։

_____

Կյանքի 90-րդ տարում  վախճանվել է նկարիչ Հակոբ Հակոբյանը:

Եգիպտոսում ծնված նկարիչը 1962թ.-ին էր հայրենադարձվել Հայաստան:

Հակոբյանը ոչ միայն եզակի արվեստագետ էր՝ բնանկարների ու նատյուրմորտների անգերազանցելի վարպետ, այլև մտավորական, որի խոսքն արժեքավոր էր ու փնտրված:

Նախորդ հոդվածը‘Օբամայի եղբայրը ընտրություններում 1 է «խփել»’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյան. Րաֆֆին պարտավոր է ճանապարհային քարտեզ ներկայացնել հանրությանը’