‘Վախճանվել է Հիրոսիման ռմբակոծած Enola Gay-ի անձնակազմի վերջին անդամը’

669

ԱՄՆ-ում մահացել է ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա ատոմային ռումբ նետած Enola Gay ինքնաթիռի անձնակազմի վերջին անդամը:

 «Հոլանդացի» մականվամբ Թեոդոր Վան Քիրքը մահացել է հուլիսի 28-ին Ջորջիա նահանգի ծերանոցում, 92 տարեկան հասակում, գրել է The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով Վան Քիրքի որդուն:

1945 թ. Վան Քիրքը 24 տարեկան էր, նա այն ռմբակոծիչի շտուրմանն էր, որը 1945 թ. օգոստոսի 6-ին ատոմային ռումբ նետեց ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա, ինչի արդյունքում զոհվեց 140 հազար մարդ:

 Enola Gay-ի անձնակազմը բաղկացած էր 12 հոգուց: Ռմբակոծիչի հրամանատար Փոլ Տիբեթսը մահացել է 2007 թ.՝ 92 տարեկանում: Շտուրման Վան Քիրքն անձնակազմի ողջ մնացած վերջին անդամն էր:

Ճապոնական երկրորդ քաղաքի՝ Նագասակիի վրա ատոմային ռումբ նետած ռմբակոծիչի 13 հոգանոց անձնակազմի հրամանատար Չաք Սուինին մահացել է 2004 թ.՝ 84 տարեկան հասակում:

Հատկանշական է, որ պատերազմից հետո օդաչուները տարբեր կերպ էին գնահատում իրենց արարքը: Վան Քիրքն, օրինակ, ասում էր, որ անիմաստ է համարում պատերազմները և ցանկանում է, որ Երկրագնդի ամբողջ սպառազինությունը ոչնչացվի: Մինչդեռ Սուինին ողջ կյանքի ընթացքում ամերիկյան քոլեջների և համալսարանների ուսանողների առջև կատաղաբար պաշտպանում էր Ճապոնիայի քաղաքների ատոմային ռմբակոծությունը: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանում ՀՀ դեսպանությունը ծեծկռտուքի առիթով հայտագիր է ներկայացրել Թբիլիսիին’
Հաջորդ հոդվածը‘Ստրելկով-Գիրկինն իր զինվորներին արգելել է հայհոյել’