Վախճանվել է Ուկրաինայի առաջին նախագահը

72

Մայիսի 10-ին, 89 տարեկան հասակում, վախճանվել է Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը։

Այդպիսով, 1991 թ․ Բելովեժյան թավուտում ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու և ԱՊՀ ստեղծելու վերաբերյալ պայմանագիրը կնքած պետությունների ղեկավարներից ոչ մեկն այլևս ողջ չէ։ Կրավչուկը մահացավ անկախ Բելառուսի առաջին ղեկավար Ստանիսլավ Շուշկևիչի մահվանից ընդամենը վեց օր հետո, իսկ Բելովեժյան պայմանագիրը ստորագրած երրորդ առաջնորդը Բորիս Ելցինն էր, որը կյանքից հեռացել է 15 տարի առաջ։

Թեպետ Կրավչուկը երկիրն ընդամենը երեք տարի է ղեկավարել և նախագահի պաշտոնից հեռացել է 1994 թ․ ճգնաժամի  ֆոնին արտահերթ ընտրությունների արդյունքում, այս բոլոր տարիների ընթացքում նա շարունակում էր չափազանց հեղինակավոր քաղաքական գործիչ լինել։ Կրավչուկն ինքը Ուկրաինայի անկախության մոլի կողմնակից էր և շատ էր հպարտանում Բելովեժյան պայմանագրի տակ դրված իր ստորագրությամբ։

«Նա սոսկ քաղաքական գործիչ չէր։ Եվ ոչ էլ սոսկ պատմական ֆիգուր։ Նա մի մարդ էր, որ կարողանում էր իմաստուն խոսքեր գտնել և դրանք այնպես ասել, որ լսեն բոլոր ուկրաինացիները»,- Կրավչուկի մահվան առիթով ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Կրավչուկը զարմանալի ընդունակություն ուներ հարմարվելու փոփոխվող պայմաններին, ինչը տարբեր անեկդոտների առիթ էր դարձել։ Դրանցից ամենահայտնին այն մասին է, թե ինչպես են Կրավչուկը, Ելցինը և Ջորջ Բուշ-ավագը տեղատարափ անձրևի տակ մի շենքից մյուսը վազում։ Ելցինն ու Բուշ-ավագը տեղ են հասնում մինչև ոսկորները թրջված, իսկ Կրավչուկը՝ լրիվ չոր։ «Դե ես՝ զգուշորեն, կաթիլների արանքով»,- ասում է նա գործընկերներին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Սիթին» հաստատեց Էրլինգ Հոլանդի տրանսֆերը
Հաջորդ հոդվածը«Ռեալը» պայմանագիր է կնքել Ռյուդիգերի հետ