‘
Արիզոնա նահանգից հանրապետական սենատոր և ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջոն ՄըքՔեյնը վախճանվել է 81 տարեկան հասակում ուղեղի ուռուցքից, որը նրա մոտ հայտնաբերվել էր անցյալ տարվա հուլիսին:
Ուրբաթ օրը պարզվել է, որ նա հրաժարվել էր բուժումը շարունակելուց, քանի որ անհնար էր կանգնեցնել հիվանդության զարգացումը:
ՄըքՔեյնի անունը հայտնի էր դարձել դեռ 1967 թ., երբ Հանոյի ռմբակոծմանը մասնակցած նրա ինքնաթիռը խոցվել էր, ու նա հայտնվել էր հյուսիսկորեական գերության մեջ: ՄըքՔեյնն ազատվել էր գերությունից 1973 թ. և հայրենիքում ընդունվել որպես հերոս:
1982 թ. նա ընտրվել էր ԱՄՆ ներկայացուցիչների պալատ, իսկ 1986 թ. դարձել էր սենատոր: Նա վեց անգամ ընտրվել է Սենատում, իսկ 2008 թ. նախագահական ընտրություններում պարտվել է Բարաք Օբամային:
Ջոն ՄըքՔեյնը հայտնի էր Ռուսաստանի հանդեպ իր անհաշտ դիրքորոշմամբ: 2017 թ. նա հայտարարեց, որ Մոսկվան ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում միջազգային անվտանգությանը, քան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
Լինելով հանրապետական՝ ՄըքՔեյնը խորհուրդներով օգնում էր Օբամային և կատաղի քննադատում իր կուսակից Թրամփին:
Փոխանցում է euronews-ը:
‘