‘ Վահագն Խաչատրյան. Ականատես եղանք այնպիսի ընտրախախտումների, որոնց մասին մոռացել էինք’

1736

Այսօր 168.am կայքում լուր էր հրապարակվել, ըստ որի Երեւանի 7/26 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Մարիետա Սահակյանը կայքի հետ զրույցում ընտրությունների ընթացքը գնահատել էր շատ բարձր՝ ասելով, թե ինքն ընտրությունների ընդհանուր մակարդակից գոհ է և մինչև հիմա ոչ մի խախտում չի նկատել: «Ընտրությունները անցնում են բաձր մակարդակով»,- ասել էր նա:

Հայ ազգային կոնգրեսի Մալաթիա Սեբաստիա համայնքի տարածաքային կառույցի պատասխանատու Վահագն Խաչատրյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայ ազգային կոնգրեսը նման անունով հանձնաժողովի անդամ չունի: Խաչատրյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ, այդ կինը ԸԸՀ-ի կողմից է նշանակվել, եւ նրան վերագրում են Կոնգրեսին: «Լավ կլիներ, որ նման լուր հրապարակողները մինչեւ լուրը հրապարակելը ճշտեին տեղեկատվության իսկությունը»,- նշեց Խաչատրյանը:

Գնահատելով ընտրությունների ընթացքը՝ Վահագն Խաչատրյանն ասաց նաեւ, որ այս ընտրությունները շատ ավելի վատն են՝ քան նախորդ՝ ԱԺ ընտրություններն էին: «Այս անգամ ականատես եղանք այնպիսի ընտրախախտումների, որոնց մասին մոռացել էինք՝ լցոնումներ, ուրիշի փոխարեն քվեարկություններ եւ այլն»,- նշեց Վահագն Խաչատրյանը:

Նա հավելեց նաեւ, որ կոնկրետ 8-րդ ընտրատարածքում նման երեք դեպք են արձանագրել, երբ անձը փորձել է քվեարկել ուրիշի փոխարեն: Խաչատրյանի խոսքով, մի դեպքում հանձնաժողովի նախագահին, մյուս դեպքում՝ հանձնաժողովի անդամներին չի հաջողվել բռնել այդ մարդկանց: 

Նախորդ հոդվածը‘Մեսին «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում մրցակից չունի’
Հաջորդ հոդվածը‘Ուրիշի փոխարեն քվեարկելու դեպք 8/27-ում’