‘
Երեկ Հայ ազգային կոնգրեսում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տիկնոջ՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի ղեկավարած Կանանց համահայկական միության նախաձեռնած երկրորդ սեմինարը: Այս անգամ սեմինարի ժամանակ քննարկվեցին ՀՀ տնտեսության վիճակը, զարգացումների հնարավորությունները և տեղակատվական տեխնոլոգիաները:
Բանախոսը ՀԱԿ վարչության անդամ և տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանն էր:
Սեմինարից հետո iLur.am-ի հետ զրույցում Վահագն Խաչատրյանն ասաց, որ վերջին բոլոր հրապարակումները, որոնք վերաբերում են տնտեսությանը, ապացուցում են, որ իրականում Հայաստանի տնտեսական կյանքում որևէ էական փոփոխություն չի եղել, և ընդհակառակը՝ ապրիլի պաշտոնական վիճակագրությունը հուշում է, որ վիճակն սկսում է ավելի վատանալ:
«Եվ այն բոլոր խոստումները, որոնք կապված էին ներդրումների հետ, ինչ-որ ներդրումային միջավայրի փոփոխության հետ, կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային քաղաքականության փոփոխության հետ, այդ ամեն ինչը իրականության հետ առնչություն չունեն: Որովհետև էլի նույն վիճակագրությունն ասում է, որ ներդրումները չկան, հակառակը՝ ներդրումների հետ կապված կա արտահոսք, հարկային քաղաքականության արդյունքում գերավճարներն ավելացել են 21 միլիարդով, իսկ ընդհանրապես ներդրումային դաշտի հետ կապված և կոռուպցիայի պայքարի շրջանակներում որևէ նորություն կամ փոփոխություն մարդիկ չեն էլ նկատում: Եվ այս ամեն ինչի արդյունքում Հայաստանի զուտ տնտեսական ապագան շատ աղոտ և մշուշապատ է:
Եվ նույնիսկ այն թիվը, որի մասին ոգևորությամբ խոսում են, թե 3,2 տոկոս տարեկան աճ կապահովեն, ես կարծում եմ, որ դա էլ է վտանգված. շատ խնդիրներ պետք է լուծել, որպեսզի կարողանան այդ տնտեսական աճն ապահովել»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
Նա նաև նշեց, որ փոփոխություն կլինի միայն այն ժամանակ, երբ խաղի կանոնները կփոխվեն, երբ օրենքը կսկսի աշխատել պետության մեջ, երբ տնտեսության զարգացումը և ընդհանրապես երկրի զարգացումը պայմանավորված կլինեն ոչ թե անհատներով, այլ պետական ինստիտռւտներով, և մեր բոլորի խնդիրները կլուծեն ոչ թե անհատները, այլ պետական ինստիտուտները, եթե, իհարկե, աշխատեն: Հակառակ դեպքում, տնտեսագետի խոսքով՝ մենք անընդհատ կշարունակենք երկարաժամկետ գոյատևել այս վիճակում:
Լիլիթ Թադևոսյան
‘