‘
«Այս անգամ նույնպես կլինեն ընտրակեղծիքներ, ո՞նց կարող է գոյություն ունենալ իշխանական այս համակարգը, իսկ ընտրությունները չկեղծվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ այժմ, սակայն, հնարավորություններ կան, որպեսզի ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» միասին աշխատեն և հասնեն արդյունքի՝ թույլ չտալով իշխանությանը վերարտադրվել Երևանում:
Պատասխանելով այն հարցին, թե որքանով է մրցունակ կամ հաղթող ՀԱԿ ցուցակը՝ հաշվի առնելով, որ նրանում մեծ մասամբ երիտասարդներ են ընդգրկված, Վահագն Խաչատրյանն ընտրացուցակը միանշանակ հաղթող բնորոշեց՝ «Այսօր երիտասարդն է հաղթում»:
«Նպատակը սա էր. հանրությանը ներկայացնել մարդկանց, ովքեր պատրաստ են ոչ միայն Երևանում, այլև հանրապետության մակարդակով իրենց ձեռքը վերցնել կառավարումը»,- մանրամասնեց Վահագն Խաչատրյանը՝ նկատելով, որ այդ ցուցակը ընտրվել է խիստ չափանիշներով: Ըստ նրա՝ ցուցակում ընդգրկվել են մարդիկ, ովքեր ցուցաբերել են քաղաքական ակտիվություն և վերջին 5 տարում եղել են Կոնգրեսի կողքին:
Վահագն Խաչատրյանը ներկայացրեց Կոնգրեսի ցուցակը՝ «վատ և լավ կողմերով». «Լավն այն է, որ շրջապատված ես երիտասարդներով, իսկ վատն այն է, որ ընդգծվում է տարիքդ, ու հասկանում ես, որ արդեն երիտասարդ չես»:
‘