‘Վահագն Խաչատրյան. Իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկին մի հավատացեք ‘

1966

iLur.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, ՀԱԿ տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վահագն Խաչատրյանը

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, մասնավորպես՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, վերջերս հայտարարել են, թե Մաքսային միությանն անդամակցելը Հայաստանին տնտեսապես ավելի ձեռնտու է: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ հանգամանքը:

— Ես որեւէ փաստաթուղթ չեմ տեսել, որտեղ նման հիմնավորում լինի: Իսկ նրանց բանավոր խոսքերին պետք չէ հավատալ: Իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկին մի հավատացեք: Նրանք չունեն որեւէ փաստաթուղթ, որ հաշվարկված կներկայացներ մեր օգուտները: Իսկ այն հայտարարությունները, թե ՄՄ-ին անդամակցելով՝ մաքսավճարները կնվազեն, հիմնազուրկ են, պարզապես` հանրությանը հերթական անգամ թյուրիմացության մեջ են գցում: Այնպես որ, վստահաբար կարող եմ պնդել` իշխանությունների գործողություններում չկան տնտեսական հաշվարկներ:

Իսկ ի՞նչ հաշվարկներ կան նրանց գործողություններում:

— Նրանց հաշվարկները մեկն են` փող կտա՞ն, թե՞՝ ոչ: Փող` իշխանություն պահելու համար: Իշխանություններն իրենց առաջ խնդիր չեն դրել բարձրացնել ժողովրդի բարեկեցությունը, որեւէ քայլ չեն անում ժողովրդի արտագաղթը կանխելու համար: Երբ խորանում ենք նրանց հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալների մեջ, տեսնում ենք, որ, ընդհակառակը, ամեն ինչ այլ ուղղությամբ է ընթանում, որպեսզի մարդիկ ավելի արագ թողնեն-գնան:

Պարոն Խաչատրյան, իսկ իշխանություններին ինչպե՞ս է հաջողվում խաբել ժողովրդին, խաբել միջազգային հանրությանն ու շարունակել պաշտոնավարել:

— Ընդհանրապես, խաբելը կախված է նաեւ նրանից, թե ով է խաբվողը: Եթե խաբելն «անցնում է», ուրեմն` խաբվողներն էլ էին ուզում խաբվել: Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 3-ի հայտարարություններն ասվածի լավագույն ապացույցն են: Մի՞թե եվրոպացիները չգիտեին, թե ի՞նչ կլինի, մի՞թե չէին տիրապետում իրավիճակին ու սպասում էին, որ դանակը հասնի ոսկորին: Չգիտեի՞ն, որ նա անվստահելի գործընկեր է, որ կարող է վերջին պահին պարզապես «գցել»: Բազմիցս ասել ենք այդ մասին: Այս տարիները միայն դա են ցույց տվել: Ուրեմն`նրանց պետք էր, որ այդպես լինի: Բայց դրա վտանգներն այլ հարթության մեջ պետք է նայել: Այդ ամենի արդյունքում մենք, որպես պետություն, կորցրել ենք շատ-շատ բաներ` արժեք, որակ, հավատ, հեղինակություն: Ես կարծում եմ` ժողովրդին խաբելն էլ է ժողովրդից կախված: Ուրեմն` մարդկանց համար տանելի է այս վիճակը, որ հանդուրժում են կատարվողը:

— Անհասկանալի է, թե արտաքին ուժերին ինչո՞վ է ձեռնտու խաբվելը:

— Այդպես Հայաստանը դառնում է ավելի խոցելի, իսկ իրենք այդպես կկարողանան ավելի հեշտ ճնշումներ գործադրել, իրենց ուզածը ստանալ: Բոլորն էլ գիտեն, թե այստեղ ինչ համակարգ է գործում, իրականում ինչ իրավիճակ է Հայաստանում: Բայց այս իրավիճակը վտանգավոր է նաեւ դրսի համար: Նման երկրները վերջում պրոբլեմ են դառնում նույն միջազգային հանրության համար: Հայաստանը քանի որ փոքր է, միգուցե նման հնարավորություններ չունենա, մեծ պրոբլեմ չդառնա: Բայց աղքատ, թույլ, խոցելի երկրները միշտ էլ շատ վտանգավոր են լինում` անկառավարելի, անկանխատեսելի:

Կառավարությունն իր ծրագրում խոստացել է 5-7 տոկոս տնտեսական աճ, այնինչ, վերջին վիճակագրական տվյալներով` տնտեսական ակտիվության ցուցանիշը 3.5 տոկոս է: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ հանգամանքը:

-Հայաստանի տնտեսության մեջ իրականում որեւէ աճ չկա, եւ դա պարզ էր վաղուց: Այդ 5-7-տոկոսանոց աճի մասին հայտարարություններն ընդամենը ընտրությունների ընթացքում ժողովրդի տրամադրությունները շեղելու եւ իրենց տնտեսական քաղաքականությունն արդարացնելու համար էին: Բայց կյանքը ցույց տվեց, որ իրենց տնտեսական քաղաքականությունը հակառակ էֆեկտն է տալիս: Եվ երբ դիտում ես ինֆլյացիան, ապա դա ավելի բարձր է, քան աշխատավարձի աճը: Իսկ դա նշանակում է, որ մարդիկ ավելի վատ են ապրում, քան առաջ: Պետք է սեպտեմբերին հրապարակեին նաեւ աղքատության մակարդակի ցուցանիշները, բայց առ այսօր դա չեն անում: Հավանաբար՝ ցուցանիշն այնքան վատ է, որ վախենում են հրապարակել: Վերջին տվյալներով` աղքատության ցուցանիշը մոտ 36 տոկոս էր, հիմա, կարծում եմ, այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է: Իշխանությունները խոստումներ են տալիս, եւ իրենք էլ գիտեն, որ այդ խոստումներն անիրականանալի են:

Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե կառավարությունը տարվա արդյունքներով չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: Ի՞նչ եք կարծում` նման բան կլինի՞, թե՞ ոչ:

-Ես լուրջ չեմ ընդունում այս իշխանությունների որեւէ հայտարարություն: Իսկ այս մեկնաբանություններն էլ տվեցի զուտ մասնագիտական առումով: Իշխանությունները մշտապես հակասում են իրենք իրենց: Վերցնենք, թեկուզ, Ս. Սարգսյանի` սեպտեմբերի 3-ի հայտարարությունները: Մինչ այդ իրենք մեծ եռանդով գնում էին դեպի ԵՄ, հիմա նույն եռանդով գնում են ՄՄ: Հիմնավորումներ էին ներկայացնում, ընդ որում` հիմնականում անմակարդակ կերպով, մարդկանց թյուրիմացության մեջ գցելով, իրականությունը ցույց չտալով: Բայց այդ ամենն անում էին պարզապես իրենք իրենց արդարացնելու համար: Հիմա նույնը կարելի է ասել տնտեսական այդ ցուցանիշների մասին: Այնպես որ, մի հավատացեք այս իշխանությունների խոսքերին: Իսկ եթե անգամ ինչ-որ փոփոխություններ էլ լինեն, ապա լավագույն դեպքում մի անձը կփոխարինեն մյուսով, ու դա որեւէ ազդեցություն չի ունենա:

Մինչեւ հիմա 2008թ. սկսված տնտեսական անկումը իշխանություններն արդարացնում էին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով: Իսկ այսօրվա վիճակի «մեղավորն» ո՞վ է:

— Մեր տնտեսությունը շատ խոցելի է եւ զարգացման որեւէ պոտենցիալ չունի: Մեր տնտեսությունը կորցրել է մրցունակությունը ե՛ւ դրսում, ե՛ւ երկրի ներսում, այն բովանդակային առումով օլիգարխիկ մոնոպոլ տնտեսություն է: Իսկ նման վիճակում տնտեսությունը չի կարող զարգանալ: Մենք չունենք ռեսուրսներ: Միակ ռեսուրսը, որ կարող էր զարգացում ապահովել, մարդկային ռեսուրսն է: Բայց հիմա մենք կորցնում ենք նաեւ այդ ռեսուրսը` ֆիզիկական առումով մարդիկ երկրից գնում են, իսկ որակական առումով այդ ռեսուրսն այն չէ, ինչ 5-10 տարի առաջ: Մեր երկրում առկա համակարգը տնտեսությունը հասցրել է այս վիճակին:

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘Գյումրի-Մոսկվա նոր չվերթները կմեկնարկեն հոկտեմբերի վերջին’
Հաջորդ հոդվածը‘Լարված իրավիճակ՝ Վայոց Ձորում. գյուղացիները սպառնում են փակել ճանապարհը’