‘Վահագն Խաչատրյան. Իշխանությունը չի հայտարարում գազի գնի բարձրացման մասին’

1392

Գազի գինը բարձրացած էր, գազի գինը շարունակելու է հունվարի մեկից հետո բարձրանալ, իսկ իշխանությունը չի հայտարարում դրա մասին, iLur.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նրա համոզմամբ՝ գազի գինը նախօրոք պայմանավորված է եղել:

«Հիմա որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտարարում է, որ Ռուսաստանն ուզում է բարձրացնել գինը՝ այդպիսի բան չկա: Ռուսաստանն իր քաղաքականությունը շատ հստակ ձևակերպել է, հայտնել է, տեղյակ են եղել իշխանության ներկայացուցիչները, պարզապես մեզ չեն ասել»,- ասաց Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ դեռ մեկ ամիս առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե պայմանավորվածություն կա, որ «Հայռուսգազարդի» հայկական բաժնեմասն ամբողջապես վաճառվի Ռուսաստանին:

Հիշեցնենք, որ Զուրաբյանը հայտարարել էր, թե տևական ժամանակ է, ինչ Ռուսաստանը բարձրացրել է գազի գինը՝ հասցնելով այն 240 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, այնինչ Հայաստանը մինչ այս վճարում էր 180 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: Զուրաբյանը նշել էր, որ տարբերությունը փակելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ չվճարված գումարի փոխարեն ՀՀ-ն կվճարի իր բաժնեմասով:

«Իշխանությունը, կառավարությունը, էներգետիկայի և բնական պաշարների նախարարը մինչև վերջ չեն բացում ճշմարտությունը: Նախագահական ընտրություններից հետո գազի գնի թանկացման մասին հայտարարություն կլինի: Սերժ Սարգսյանը չի ուզում, որ իր կառավարությունը ընտրություններից առաջ ասի, թե գազի գինը թանկացել է»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է` զերծ մնալ զինծառայությունից խուսափելու գործարքներից’