‘
«Համոզված եմ, որ եկող տարվա կանխատեսումները իրականություն չեն դառնա: Դրանց մեջ կա այսպիսի մի բան, որ կավելանան ներդրումները ԵՏՄ անդամակցության հետ կապված: Հակառակը՝ պետք է նվազեն: Պետք է պակասեն, որովհետեւ ԵՏՄ անդամ բոլոր երեք երկրները այսօր գտնվում են տնտեսական վատ վիճակում, հատկապես Ռուսաստանը: Մենք մեր հիմնական ներդրումները ակնկալում ենք Ռուսաստանից եւ երբ որ նայում ենք մեր արտաքին առեւտուրը Բելոռուսի եւ Ղազախստանի հետ, տեսնում ենք, որ այն համարյա չկա»,- այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատարյանը:
Երկրորդը հանգամանքը, ըստ տնտեսագետի այն է, որ շատ է խոսվում ԵՏՄ անդամակցելու հետ կապված լրացուցիչ մաքսատուրքերի մոտավորապես 170 միլիոնի ավելացման մասին:
«Նման գնահատական է տրվում, բայց այդ գնահատականի բազան վերցված է 2012 թվականից: Բայց 2012-ի Ռուսաստանը, 2013-ի եւ առավել եւս՝ 2014-ի Ռուսաստանը դրանք տարբեր Ռուսաստաններ են: 2013-ին իրենց մոտ սկսվեցին այդ տնտեսական ռեցեսիոն պրոցեսները, հիմա արդեն լուրջ ճգնաժամային վիճակում գտնվող երկիր է, որտեղ՝ քաղաքականությունն է այդպիսին, որ նրանք ներմուծումը փոխարինում են տեղական արտադրությամբ, իսկ մաքսատուրքերը պայմանավորված են միայն ներմուծման ծավալների հաշվով: Այսինքն, եթե մեր մոտ ներմուծման ծավալների աճ չլինի, համապատասխան ձեւով մաքսադրույքաչափերի ակնկալվող գումարները՝ 170 միլիոն չեն լինի, պակաս կլինեն, որովհետեւ այնտեղ մեր գործակիցը, այո մնում է՝ 1.13, իսկ ամբողջ մաքսային շրջանառությունը, որ հարկվում է մաքսատուրքերով՝ 2.6-2.7 մլդ դոլար է: Դա պակասելու է, դա արդեն հիմա երեւում է: Երբ նայում ենք հոկտեմբերի 1-ի վիճակով, այնտեղ բոլոր երեք երկրներում իրար հետ առեւտրի շրջանառությունները պակասել են: Արտաքին առեւտուրը պակասել է»,- նշեց Խաչատրյանը:
Նա նշեց, ոև իրեն հետաքրքրում է, թե ինչով է պայմանավորված ֆինանսների նախարարության մասնագետների 2015 թվականի գնահատականներն ու բացատրությունները:
«Տեսեք, ինչ է ստացվում. պարզվում է, որ զուտ հարկային բնագավառում բավականին լուրջ փաստի առաջ ենք կանգնած:Այսինքն, երբ մաքսիմալ ձեւով օգտագործվում է հարկայինը, որպեսզի ապահովի մատավորապես 100 տոկոս հարկահավաք: Բայց անցյալ տարվա բյուջեի հարկահավաքման մեխը կլիներ՝ տնտեսական աճը, տնտեսական աճ, որ պետք է լիներ 5.2 տոկոս: Դա իջեցվեց 4-ից մի փոքր ավելի տոկոս, հետո վերջնական նախատեսում էր 3.3 արդեն: Հիմա Համաշխարհային բանկը, կամ ավելի շուտ՝ ԱՄՀ-ն ասում է՝ 2.5 տոկոս: Այսինքն, տնտեսական հարկի հաշվին տեղի ունեցող հարկահավաքությունը պետք է տեղի չունենար, բայց մեզ մոտ, սեպտեմբերը ներառյալ, ասում են, որ հարկահավաքությունը ապահովում են 100 տոկոս: Այդ դեպքում, ինչի՞ հաշվին է տեղի ունենում հարկահավաքությունը: Սա կարեւոր հարց է: Մի ձեւն այն է, որ պետք է կաշիները քերթեն, որը եւ տեղի է ունենում, եւ երկրորդ ձեւը՝ որ նշանակում է՝ կանխավճարներ եւ գերավճարներ: Երբ հիմա նայում եք արդեն հարկային տեսչության կողմից կամ ֆինանսների նախարարության կողմից ամեն եռամսյակը մեկ խոշոր հարկատուների կողմից հրապարակված պաշտոնական տվյալները, եւ այնտեղ մոնիտորինգ են անում, պարզվում է, որ գերավճարները արդեն իսկապես բոլոր նորմաներն են անցել եւ հիմա՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 142.7 մլդ: Եթե տարվա սկզբին եղել է 132 մլդ, 2-րդ եռամսյակում միանգամից դարձավ 142.2: Սա պայքար ստվերի դեմ շրջանակներում գործող օպերացիայի արդյունք է: Այսինքն, 12.2 մլդ-ով պետությունը պարտք է մնացել հարկատուներին. գերավճարը նշանակում է, որ հետագայում պետք է վճարվի, ի վերջո, սա պարտք է, որ չի ձեւակերպվում որպես պարտք: Երբ որ նայում ենք իրենց ծրագրերը, այս տարվա ծրագրեի մեջ էլ, այնտեղ մի 6-7 նախադասություն կա՝ գերավճարներ եւ լրավճարներ, որ դա պետք է փակվի եւ եթե հիշում եք, վարչապետը ասեց, որ իրենք մոտ 7մլդ ավելացված հարկի արժեքի հետվճարում են կատարել եւ դա համարվում է մեծ հաջողություն: Բայց պարզվում է, որ այդ հետվճարը կատարում եք-չեք կատարում, կապ չունի՝ 142.2 մլդ է: Այսինքն, ֆինանսների նախարարության պաշտոնյաները հասկանում են, որ իրենց ռեզերվները այլեւս վերջացել են. ունենք 142.2 մլդ գերավճար եւ եկող տարվա բյուջեն ինչ-որ ձեւով պետք է վճարվի, ե՞րբ, ի՞նչ ձեւով, երբ տարեկան ընդամենը կարողանում են վճարել մաքսիմում 15-16 մլդ»,- նշեց Խաչատրյանը:
Անդրադառնալով արտաքին պետպարտքին՝ Խաչատրյանը նշեց, որ այս մարդիկ (նկատի ունի իշխանություններին-iLur.am) ապրում են ուղղակի ապագա սերունդի հաշվին, որովհետեւ նույն գերավճարներին եթե ավելացնում եք պետական պարտքը, այն դառնում է արդեն 4.9 մլդ:
«Եթե դասական սահմանում տրվի կոնկրետ Հայաստանի տնտեսության համար, շատ վտանգավոր է, որովհետեւ եթե դասական սահմանում եք տալիս, նշանակում է, որ տնտեսության մեջ կա դիվերսիֆիկացիա, տնտեսության մեջ կան ճյուղեր, որ արտահանմանն են ուղղված եւ այդ արտահանման հետ կապված համապատասխան արտարժույթներ են ներս բերում եւ մենք մեր վճարային հաշվեկշռի հարցերը կարողանում ենք լուծել, բայց երբ որ այդ հնարավորությունները չունենք, արտահանման տեմպերը 3 անգամ ավելի պակաս է լինում, քան ներմուծմանը: Մեր հիմնականում արտահանող ճյուղը՝ լեռնաարդյունաբերական համալիրը գտնվում է ճգնաժամային իրավիճակում այն առումով, որ համաշխարհային գները գնալով անկում են ապրում եւ միտումները գնում են նրան, որ անկում կապրեն: Պատահական չէ, որ պղնձամոլիբդենայինը խոշոր հարկատուների ցուցակում արդեն 4-5-րդ տեղերում է, այն դեպքում, երբ որ առաջին տեղում էր: Այս հանգամանքն ենք հաշվի առնում, երկրորդ հանգամանքը, որ տեսնում ենք վճարային հաշվեկշռի մուտքերը կախված են Ռուսաստանի տնտեսությունից, որտեղից ստանում ենք 85 տոկոս տրանսֆերներ, որոնք արդեն պակասում են: Այսինքն, մեր հնարավորությունները արտաքին պարտքի սպասարկելու համար շատ սահմանափակ են եւ այդ դեպքում, դասական այդ 50 տոկոս սահմանի տեսանկյունից եթե նայենք՝ ես համենայնդեպս ինձ թույլ չեմ տա, ասել, որ մենք վտանգի տակ չենք: Մենք գտնվում ենք բավականին լուրջ վտանգային սահմանում: Օրենքը նախատեսում է, որ մենք կարող ենք ՀՆԱ-ի մինչեւ 60 տոկոսի չափով պարտք ունենալ, բայց այդտեղ նույնիսկ սահմանափակում կա. եթե 50 տոկոսից անցնում է արտաքին պարտքը եւ վերջին երեք տարվա միջին դիֆիցիտը 3 տոկոսից ավելի է, ապա իրավունք չունենք ավելացնելու»,- նշեց նա:
Նրա խոսքով, մենք անընդհատ մեր բյուջետային հարցերը լուծում ենք նրա հաշվին, որ մենք արտաքին պարտք ենք կուտակում: Պետական պարտքը ավելանում է՝ 4մլդ 675 մլն է եղել, հիմա դառնում է 4մլդ 953 մլն, արտաքին պարտքը՝ 3մլդ 958 մլն-ից դառնում է 4մլդ 129 մլն:
«Մենք շեշտը տեղափոխում ենք դեպի ներքին պարտք՝ 717 միլիոնից դարձնում ենք 824 եւ այս պրակտիկան շարունակվում է, որովհետեւ մեր արտաքին աղբյուրների հնարավորությունները սահմանափակ են դառնում, հասկանալի պատճառով, որ աշխարհը մեզ մեկ է ուրիշ աչքով է սկսելու մեզ նայել, մեր քաղաքական որոշումից, ԵՏՄ-ին նկատի ունեմ, հիմա ասում են, որ ԵՏՄ-ի ֆոնդից մեզ կտան 60 միլիոն, չգիտեմ, որտեղից մեզ ինչ կտան, կամ՝ կտա՞ն, թե՞ չեն տա, չգիտեմ, բայց խնդիրը այն է, որ մենք արդեն գալիս ենք 5 մլրդ-ի սահմանին ենք մոտենում: Մենք վերցնում ենք այդ պարտքերը, սպառում ենք մեր անձնական, առօրյայի համար եւ ոչ մի զարգացում չենք ապահովում»,- նշեց նա:
‘