‘Վահագն Խաչատրյան. Իշխանություններին չի հետաքրքրում քաղաքացու շահը (Տեսանյութ)’

1264

«Գազի գնագոյացման համակարգը ինձ հիշեցնում է Խորհրդային Միությունը, որտեղ ամեն ինչ անում էին, որ գազի գինը բարձր լինի: Ոչ ոքի չէր հետաքրքրում արդյունավետ տնտեսական համակարգ ունենալու հարցը»: Այս մասին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ «Գազպրոմը» նույն անարդյունավետ համակարգն է, աշխարհի ամենամեծ կազմակերպություններից մեկը, որը այսօր երեւի դարձել է ամենաաղքատներից մեկը՝ միայն եւ միայն իր ոչ արդյունավետ համակարգի գործունեության պատճառով: «Այդ նույն համակարգը գործում է նաեւ Հայաստանում:

Որեւէ հաշվարկ չի կարող ներկայացվել, որը կհիմնավորի այն հանգամանքը, թե ինչու է  սահմանից գազը քաղաքացիներին տեղափոխվելու ընթացքում երկու անգամ թանկանում: Այդպիսի գազային համակարգ աշխարհում չկա: Սա նշանակում է, որ եթե գործում է այդպիսի համակարգ, ապա այն ոչ ոքի պետք չէ: Այսօր մենք ունենք ամենագազաֆիկացված եւ միգուցե ամենաշատ աթար օգտագործող մի պետություն. գազը հասնում է քաղաքացուն, բայց քաղաքացին չի գերադասում այդ գազը օգտագործել: Սրա մասին չգիտեմ՝ ինչ են մտածում համակարգում գազի պատասխանատուները և երկրի պատասխանատուները: Փաստորեն, միլիոնավոր ներդրումներ են կատարվել եւ քամուն տրվել. դրանք այժմ արդյունավետ չեն:

Այսպես է ստացվում. մենք ունենք մի մեքենա, որը կարող է 25 տոննա քաշով բեռ տեղափոխել, բայց ամեն անգամ տեղափոխում է ընդամենը մեկ տոննա: Իսկ բոլոր ծախսերը վերագրում է այդ 25 տոննային, եւ այդ մեկ տոննա բեռ տեղախոխելու գինը ստացվում է ոսկի տեղափոխելու գին: Մեր համակարգը այսպիսին է»,- նշեց Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով՝ երկու տարվա ընթացքում ամենաբարձրաստիճան պաշտոնյաները խաբել են քաղաքացիներին՝ ասելով, թե գազի գնի բարձրացում չկա: «Արդյունքում՝ ՀՀ իշխանությունների մասնակցությամբ Հայաստանը կուտակեց 300 մլն դոլարի պարտք: Ինչու՞ դախախազությունը չզբաղվեց այս հարցով: Որեւէ մեկին չի ասվել, որ գազի գինը բարձրացվում էր»,- ընդգծեց Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ այն ուժին, որը այժմ քաղաքական որոշումներ է կայացնում, չի հետաքրքրում քաղաքացու շահը եւ երբեք էլ չի հետաքրքրի, քանի որ ինքը միշտ գիտի, թե ինչպես կարող է ընտրությունների միջոցով իշխանություն ստանալ: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘«Դեպորտիվո Արմենիոն» կխաղա Հայոց ցեղասպանությանը նվիրված մարզաշապիկներով ‘
Հաջորդ հոդվածը‘Ապրիլի 21-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի’