‘
Երեւանի ավագանու ընտրություններում՝ Հայ ազգային կոնգրեսի այսօրվա նախըտնրական հոլովակում ներկայացվում է Կոնգրեսի ցուցակի 1-ին հորիզոնականը զբաղեցնող Վահագն Խաչատրյանի հարցազրույցը: Խաչատրյանը խոսում է ցուցակը կազմելու սկզբունքի մասին՝ նշելով, որ երիտասարդ լինելու հանգամանքն այսօր Երևանին շատ անհրաժեշտ է:
«Երբ ցուցակը նայում ենք, բացի 3-4 հոգուց, մնացածը 40-ից ցածր տարիք ունեցող տղաներ և աղջիկներ են: Հետաքրքիր մոտեցում էր այս մոտեցումը, երբ քննարկվում էր ցուցակը ինչպես կազմել, ինչ սկզբունքով միանգամից բոլորիս մոտ այդ գաղափարը առաջացավ: Գուցե նաև մեր տարիքն էր պատճառը, որ մենք մտածում էինք՝ իսկապես կարիք կա ամեն տեղ երիտասարդներին տեղ տալ, հնարավորություն տալ: Ես համոզված եմ, որ մոտեցումն այդ առումով ճիշտ է»,- ասում է Խաչատրյանը:
Նա հիշում է, որ ինքը Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելիս 33 տարեկան է եղել ու այդ ժամանակ փորձի, մոտեցումների պակաս կար, բայց կային գաղափարներ, որոնք հետագայում իրականություն էին դառնում: Նա պատմում է, թե ինչպես իրենց հաջողվեց ջրի՝ Երևան հասնելու սխեման փոխելու միջոցով բավականին լուրջ էներգիայի խնայողություն ապահովել:
«Հենց երիտասարդական գաղափարի բացակայությունն է կամ մոտեցումն է բերել այն այսօրվա տեսքին, որ կա: Երբ որ մեր ցուցակներն էինք նայում՝ ինչ մասնագետներ են, ովքեր են, նրանք այն մարդիկ են, ովքեր քաղաքական առումով մեծ դպրոց են անցնել վերջին հինգ տարիների ընթացքում: Իրենք ունեն իրենց գաղափարները, իրենք մարդիկ են, որոնք պատահական չեն հայտնվել այս ցուցակում, և երկրորդը՝ զուտ մասնագիտական առումով նաև շատ օգտակար կլինեն հենց այն խնդիրների իրականացման համար, որի մասին մենք խոսում էինք»,- նշում է Վահագն Խաչատրյանը:
‘