‘Վահագն Խաչատրյան. Կառավարությունը մեսիջ է ուղարկում, թե՝ գիտե՞ք ինչ կա, ոնց ուզում եք՝ ձեր խնդիրները լուծեք’

956

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության կողմից ակտիվ մասնակցությունը բյուջեի քննարկումներին և տեսակետների հայտնելը ամբողջական էր: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: 

«Այն, ինչ բյուջեի հետ կապված ասվել է, ավելին է, որ կարելի էր ասել: Վերջին չորս տարիների ընթացքում ամենաանհաջող բյուջեն էր, որ կարող էր ներկայացվել: Ոչինչ չասող բյուջե է, հեռանկար չի ներկայացնում ոչ մի քաղաքացու համար, ոչինչ չի խոստանում բիզնեսին, ծրագրեր չկան»,- ասաց Խաչատրյանը: 

Նրա խոսքով՝ պետք է մի քանի թվեր նայել՝ նման եզրակացության գալու համար: Նա մանրամասնեց, որ խոսքը աշխատավարձի, թոշակների բարձրացման մասին է ու ընդհանրապես՝ սոցիալական բնագավառի: 

«Կառավարությունն ասում է, որ կարողանում է ապահովել մակրոտնտեսական կայունություն, այսինքն՝ այն, ինչ որ կա, մնում է նույնը: Սոցիալական նոր ծրագրեր չկան, ես այդպիսի բան չտեսա: Հայաստանն ինդուստրիալ զարգացման փուլում է, նշանակում է, որ պետք է զարկ տալ արտադրության զարգացմանը, դա էլ չկա, տեսական խոսակցություն է, որ վարում են»,- նշեց Խաչատրյանը: 

Ըստ նրա՝ այսօրվա Հայաստանում հարկավոր է այնպիսի պայմաներ ստեղծել, որ ՀՀ քաղաքացին մնա Հայաստանում, մինչդեռ բյուջեն այդպիսի պայմաններ չի ստեղծում: 

«Կառավարությունը մեսիջ է ուղարկում, թե՝ գիտե՞ք ինչ կա, ոնց ուզում եք՝ ձեր խնդիրները լուծեք, մենք դրանցում մասնակցություն չունենք: Բյուջեն այնքան որ ներկայացվում է, օրենքով սահմանված պարտադրանք, որ պետք է կառավարությունն անի: Ինձ համար զարմանալի էր այն, որ կառավարությունը ժողովրդին ուզում է ասել՝ ինձ մի ընտրեք, ես ձեզ պետք չեմ»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Նախորդ հոդվածը‘Այսօր տեղի կունենա ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Ուրուգվայի ԱԳՆ-ն հակադարձել է Ադրբեջանին’