‘
Մի բան փաստ է՝ Հայաստանն այլևս չի կարող ազդել գազի գնի ձևավորման վրա, որովհետև զրկվում է կառավարման իրավունքից, երբ Հայաստանի 20 տոկոսը հանձնում է «Գազպրոմին»: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի անդամ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ բանակցություններ են տարվում «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս մասնաբաժինը ռուսական «Գազպրոմին» հանձնելու մասին:
«Հայաստանի իշխանությունները զրկվել են այն լծակներից, որ ունեին մինչ հիմա: Երկրորդ՝ իհարկե, ավելի է մեծանալու կախվածությունը «Գազպրոմից»: Այդ խոսակցությունները դեռևս անցյալ տարվա հոկտեմբերից կային, որ նախնական համաձայնություն կա բաժնեմասը վաճառվելու մասին, և դա պայմանավորված է գազի գնի բարձրացմամբ, ինչը մշտապես հերքում էին իշխանության ներկայացուցիչները տարբեր առիթներով և նույնիսկ վերջում էլ՝ գազի գնի բարձրացման ժամանակ անգամ չէին խոստովանում, որ այսպիսի պայմանավորվածություն, խոսակցություն կա»,- ասաց Խաչատրյանը:
Խաչատրյանի կարծիքով՝ կարելի էր այդ 20 տոկոսի բաժնետեր դարձնել Հայաստանի քաղաքացիներին կամ հայաստանյան ընկերություններին: Նա հիշեցրեց, որ նախկինում «ՀայՌուսգազարդի» մասնաբաժինը 45 տոկոս էր, 25 տոկոսը վաճառեցին, այժմ էլ մնացած 20-ն են վաճառում: «Հայաստանի Հանրապետությունը այս տարիների ընթացքում իր անկախությունն ավելի մեծացնելու փոխարեն՝ հակառակն արեց: Սա պայմանավորված է քաղաքականությամբ, որ տարվում է Հայաստանի իշխանության կողմից վերջին տարիների ընթացքում»,- ասաց Խաչատրյանը՝ մանրամասնելով, որ իշխանություններն այլընտրանքային տարբերակներից չկարողացան օգտվել՝ նկատի ունենալով իրանական գազի հնարավորություններից օգտվելու հանգամանքը:
‘