‘Վահագն Խաչատրյան. Հայաստանում դասական ստվերային տնտեսություն չկա’

1024

Ստվերային տնտեսությունը կրճատելու` իր հայտարարած նպատակի իրականացման ուղղությամբ Կառավարությունը վերջին տարիներին որեւէ գործնական քայլ չի կատարել: iLur.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հայտարարած` հարկեր/ՀՆԱ հարաբերակցության 23 տոկոսն էլ իրականում մանիպուլյացիայի արդյունք է: 

Տնտեսագետն ընդգծեց, որ ստվերային տնտեսությունը` որպես Հայաստանի տնտեսական զարգացման լուրջ խոչընդոտ են համարում ոչ միայն հայաստանցի ընդդիմադիրները, այլեւ այլեւ միջազգային կազմակերպություններ, որոնք տասնյակ տարիներ աշխատում են Հայաստանի հետ` Համաշխարհային բանկ, ԱՄՀ եւ այլն: Նրա խոսքով, միջազգային կազմակերպությունները մշտապես նշել են, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը (որը մինչեւ 2011-ը եղել է 16 տոկոսի սահմաններում) պետք է բարձրացվի մինչեւ առնվազն 24 տոկոս:

«Վերջին տարիների գործադիր իշխանության գործունեությունը ցույց տվեց, որ այդ խնդիրը լուծելու կամք չկա: Իսկ անցյալ տարի այդ ցուցանիշին հասնելու համար մի ուրիշ ձեւ գտան` սոցիալական վճարները ներառեցին եկամտային հարկի մեջ եւ ներկայացրեցին որպես հարկատեսակ: Այսպիսով, մանիպուլյացիայի արդյունքում ոչ համադրելի թվերն իրար հետ համադրելով` հնարավորություն ստացան հայտարարելու, որ հարկահավաքության մակարդակը բարձրանում է», — նշեց Վահագն Խաչատրյանը:

Իրականում, ըստ տնտեսագետի, պատկեր նույնն է, ինչ նախորդ տարիներին. իշխանությունները որեւէ գործնական քայլ չեն անում, որ իսկապես ստվերը պակասի, որ հարկահավաքությունը բարձրանա ոչ թե անպաշտպան տնտեսվարողներին ավելի շատ հարկելու միջոցով, այլ իշխանության պաշտպանությունը վայելող տնտեսվարողներին, օլիգարխներին ու մենաշնորհատերերին հարկային դաշտ բերելու միջոցով:

Ավելին` ըստ Վահագն Խաչատրյանի, Հայաստանում դասական առումով ստվեր չկա:

«Որովհետեւ իշխանությունը շատ լավ տիրապետում է առկա ստվերը` իրենց համար դա ստվեր չէ: Իրենց համար դա շատ ավելի հստակ է, քան մենք ենք պատկերացնում, պարզապես` մեր հասարակության համար և հրապարակայնորեն ներկայացված բյուջեի համար դրանք ստվեր են», — նշեց տնտեսագետը:

Փաստացի, նրա խոսքով, առկա է զուգահեռ տնտեսություն, որի մասշտաբները նույնիսկ կարելի է հավասար համարել պաշտոնական բյուջեին:

«Անկառավարելի, անվերահսկելի, ոչ հրապարակային: Եվ այս ոչ հրապարակային, իրենց կողմից կառավարվող բյուջեի ծավալները փոքրացնելու կամ այն հրապարակային դարձնելու խնդիր այսօրվա իշխանությունների կողմից ես չեմ տեսնում», — ամփոփեց Վահագն Խաչատրյանը` հավելելով, որ ավելի մանրամասն բյուջե 2014-ի վերաբերչյալ հանդես կգա նոյեմբերի 6-ին «Հայացք» ակումբում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ: 

  

Նախորդ հոդվածը‘Նոր կադրային փոփոխություններ դատախազությունում ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում այրել են Ռուսասատանի դրոշը’