‘Վահագն Խաչատրյան. Մեր պաշտոնյանների «երեւակայությունն» անսահման է’

1485

Ինչպես հայտնի է, այսօր Գյուղատնտեսության նախարարությունը, մեղմ ասած, բավականին զավեշտալի մի մեկնաբանությամբ էր հանդես եկել, որտեղ նշվում էր, թե ձուն թանկացել է, քանի որ վաճառվող ձվի չափն է մեծացել: «Մեր պաշտոնյանների «երեւակայությունն» անսահման է եւ առաջին անգամ է, որ այդպիսի հանգամանք է նշվում, իբր թե ձուն թանկացել է, քանի որ մեծացել է», — iLur.am-ի հետ զրույցում գյուղնախարարության այս հայտարարությունը մեկնաբանելով՝ նշեց տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը:

Վահագն Խաչատրյանի կարծիքով, շատ տրամաբանական է, որ պետք է գների թանկացում տեղի ունենար: Այն, ինչ տեղի է ունենում համաշխարհային շուկայում, պետք է բերեր գների թանկացման: Պարոն Խաչատրյանը չի բացառում, որ այդ նույն ձվերի թանկացումը կապված է եղել ինչ-որ կերի կամ ձվի արտադրության համար անհրաժեշտ իրերի կամ նյութերի գների թանկացման հետ: Նրա խոսքերով՝ հնարավոր է, որ լրացուցիչ ծախսեր են առաջացել, որոնք կապված են, միգուցե եւ, ներմուծվող կերի կամ արտադրության կազմակերպման հետ, սակայն որքանո՞վ ազնիվ կլինեն գործարանները իրենց բացատրություններում, պարզ չէ, քանի որ. «Նրանք բոլորն էլ, փաստորեն՝  կամ իշխանության հովանավորության  տակ են գտնվում, կամ՝ ճնշման տակ են, եւ  մինչեւ վերջ էլ չեն բացահայտի»:

Ինչ վերաբերում է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի կողմից այսօր հնչեցված այն հայտարարությանը, որ Հայաստանում շաքարավազի ներկրման 99 տոկոսն իրականացնում է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը՝ փորձելով դա հիմնավորել շուկայի փոքրությամբ, (ինչպես որ դա ժամանակին արել էր Սերժ Սարգսյանը), ապա Վահագն Խաչատրյանը վստահ է՝ Սամվել Ալեքսանյանի մենաշնորհը պայմանավորված չէ նրանով, որ մեր շուկան փոքր է, Սամվել Ալեքսանյանի մենաշնորհը պայմանավորված է նրանով, որ իշխանությունն է այդպես ցանկանում: Ավելին, Խաչատրյանը համոզված է, որ եթե մենաշնորհը տրված չլիներ  Սամվել Ալեքսանյանին, նույն Grand Candy-ին կամ Coca-Cola-ն եւ էլի ուրիշ մարդիկ կարող էին  ոչ միայն իրենց արտադրական նպատակներով շաքարավազ ներկրել, այլ նաեւ շաքարավազ ներկրել քաղաքացիների սպառման համար:
Վահագն Խաչատրյանը Արտակ Շաբոյանին նաեւ հիշեցրեց, որ երկար տեւած աղմուկից հետո, միջազգային կազմակերպությունների ճնշման տակ, Սամվել Ալեքսանյանին փորձեցին բերել հարկային դաշտ, որովհետեւ Հայաստանում ստացվում էր աշխարհում ամենաչտեսնված էժան գնով մաքսազերծված շաքարավազը: «Բայց մեզ վաճառում են ամենաթանկ գնով շաքարավազ: Այն, ինչը որ տեղի էր ունենում մեր գազի հետ, եթե հիշում եք, նույն պատմությունն էր, ամենաէժան գազը Հայաստան էր մտնում, բայց ամենաթանկ գազերից մեկն էին վաճառում»:
Վահագն Խաչատրյանը նշեց նաեւ, որ 2015թ հունվարից, այսինքն՝ Հայաստանի ԵՏՄ անդամակցության հետեւանքով, ներկրվող շաքարի վրա 2.5 անգամ ավեի մեծ մաքսատուրք է կիրառվելու, իսկ շաքարի հումքի վրա՝ զրո:
«Այսինքն, ի՞նչ է ստացվել. Սամվել Ալեքսանյանը կառուցել է գործարան, այդ գործարանը իր նպատակին չի ծառայում, դա էլ չեն ասում, որովհետեւ այդ գործարանի հիմնական նպատակը, ինչպես նշվում էր գործարանի բացման ժամանակ, հատկապես գյուղատնտեսության բնագավառում նոր աշխատատեղերի բացումն էր: Բայց այդպես էլ գործընթացը կիսատ մնաց,  գյուղատնտեսության մեջ լրացուցիչ աշխատատեղեր չստեղծվեցին եւ այդտեղ պարզվեց, որ բավականին դժվար է, ծանր աշխատանք է շաքարի ճակընդեղ աճեցնելը, նաեւ ծախսատար, եւ դա ձեռնտու չէր: Հիմա շաքարի հումքի տակ ի՞նչ է ներկրվում, ես չգիտեմ, ես մեծ կասկածներ ունեմ, որովհետեւ այսօրվա իշխանությունը ամեն ինչի ընդունակ է եւ հիմա մտածել են այդ  սխեման, որպեսզի գործարանի ծախսերը, այսպես ասած, հետ բերվի, Սամվել Ալեքսանյանը շատ չտուժվի եւ 100 տոկոս մենաշնորհը տրամադրվել է իրեն: Սա է բացատրությունը, մնացած այն բացատրությունները, որ տվել է պարոն Շաբոյանը՝ դրանք գիտականորեն կամ մասնագիտորեն ուղղակի քննադատությանը չեն դիմանում»,- նշեց Խաչատրյանը:
Վահագն Խաչատրյանը շեշտեց, որ նույն տրամաբանությամբ Հայաստանում ծխախոտն էլ պետք է մենաշնորհ լինի, ցանկացած ապրանքատեսակ կարող է մենաշնորհ լինի, որովհետեւ՝ «մեր մոտ շուկան փոքր է», բացատրությունը կարելի է տալ:

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայի ՌՕՈՒ-ն խոցել է երկրի օդային տարածքը խախտած անհայտ օդանավը’
Հաջորդ հոդվածը‘Դիկտատորների բունկերները. որտե՞ղ էին փորձում փրկություն գտնել XX դարի առաջնորդները. Ֆոտոշարք’