‘
Հայ ազգային Կոնգրեսի կողմից առաջադրված Երեւանի քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը վստահ է, որ այսօր ոչ իշխանական ուժերն ունեն բոլոր ռեսուրսները՝ մայիսի 5-ի ընտրություններին միասնաբար հաջողության հասնելու համար:
«Ես նայում եմ 2009, 2012, 2013 թվականի տվյալները. Երեւան քաղաքում չորս ոչ իշխանական ուժերը (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») հավաքել են 54-ից ավել տոկոս: Իշխանական թեւը (ՀՀԿ, ՕԵԿ) հավաքել է 41-42 տոկոս: Այսինքն, մենք ռեալ շանս ունենք այսօր հաղթելու: Մարդիկ ուզում են այս ամեն ինչից, վերջին տասը տարվա դժոխային պատմությունից հետո մի հաղթանակ տեսնել, մի հույս տեսնել», — լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքով, արդեն գործնական քայլեր են իրականացվում ընդդիմադիր դաշտում՝ ընտրությունների վերահսկողության միասնական մեխանիզմ մշակելու ուղղությամբ:
«Կան հանդիպումներ, պայմանավորվածություններ, մնում է՝ ավելի կոնկրետ միասնական շտաբ ձեւավորել, որն իր առջեւ կոնկրետ խնդիրներ կդնի զուտ կազմակերպական առումով», — ասաց պարոն Խաչատրյանը:
Կոնգրեսի թեկնածուն շեշտեց, որ գործող իշխանությանը հաղթելու հնարավորությունը միայն ոչ իշխանական ուժերի հետ համագործակցության արդյունքում է տեղի ունենալու: Նա հիշեցրեց, որ 1992-ին քաղաքապետ է ընտրվել հենց այդպիսի համաձայնության արդյունքում:
«Լինելով ընդդիմություն այդ ժամանակվա քաղաքային գործադիր իշխանությանը, աջակցություն ստացա եւ Դաշնակցությունից, , ՀՀԿ, ՀԿԿ, ԱԺՄ, ՍԻՄ կուսակցություններից լայն կոնսենսուսի միջոցով ընտրվել եմ քաղխորհրդի գործկոմի նախագահ», — iLur.am-ի հարցին ի պատասխան ասաց Վահագն Խաչատրյանը:
Նա նշեց նաեւ, որ կաշխատի նաեւ Երեւանի ավագանու կազմում, եթե անգամ չդառնա քաղաքապետ: Ընդ որում, նա շեշտեց, որ ի տարբերություն 2009-ի, Հայ ազգային կոնգրեսը ավագանիում ներկայացված կլինի 6 եւ ավելի տոկոս ձայների պարագայում:
Անցած անգամվա քաղաքական իրավիճակը եւ հիմա էապես տարբերվում են: Անցյալ անգամ մենք ունեինք քաղբանտարկյալներ եւ որեւէ համագործակցության իշխանությունների հետ չէին կարող գնալ», — նշեց պարոն Խաչատրյանը:
Այնուամենայնիվ, նրա խոսքով, իշխանությունների նախընտրական գործելաոճում ոչ մի փոփոխություն չկա, բոլոր լծակներն օգտագործում են՝ քաղաքային իշխանությունում վերարտադրվելու համար: «Քաղաքային եւ պետական իշխնության բոլոր օղակները մասսայաբար զբաղված են իշխանության ներկայացուցիչների քարոզչությամբ, ցուցակագրելով, անձնագրային տվյալներ հավաքագրելով, մարզերի իրենց բարեկամ-ընկերներին ներգրավելով», — ասաց Կոնգրեսի թեկնածուն:
‘