‘Վահագն Խաչատրյան. Վարկ վերցնելը մեծ ֆինանսական բեռ է’

792

Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ստորագրել է «Հայաստանի հյուսիսային սահմանային անցակետեր» 10.3 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր, որը կուղղվի Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման ֆինանսավորմանը: Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 3-ը` արտոնյալ, տարեկան 6-ամսյա EURIBOR+ 1% սպրեդ տոկոսադրույքով:

Հայ ազգային Կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը iLur.am-ի հետ զրույցում այդ գործարքը աննպատակահարմար որակեց , քանի որ, ըստ նրա, EURIBOR+ 1% սպրեդ տոկոսադրույքը բարձր է:

«Իրականում կամուրջը չի համապատասխանում այսօրվա ստանդարներին, իսկ սպասարկելը շատ վտանգավոր է, քանի որ այն ի սկզբանե նախատեսված չէր դրա համար, այլ եղել է եզակի մեքենաների սպասարկման համար: Կամուրջը վտանգավոր է: Եթե բեռնափոխադրումներն իրականցվելու են այդ ճանապարհով, ապա անհրաժեշտ է վերանորոգել»,- նշեց նա՝ ընդգծելով, սակայն, որ այդ նպատակներով վարկ վերցնելը մեծ ֆինանսական բեռ է, մանավանդ որ դրա համար գումար, այնուամենայնիվ, կարելի էր գտնել:

Վահագն Խաչատրյանը հրատապ չի համարում վերանորոգումը, քանի որ, ըստ նրա, կան լուծման կարիք ունեցող ավելի հրատապ խնդիրներ: Օրինակ՝ կարելի էր պարզեցնել ու հեշտացնել մաքսային գործընթացները՝ դրանով իսկ թեթևացնելով սահմանային անցակետերի ծանրաբեռնվածությունը:

Նա տեղեկացրեց, որ 2013 թվականին մեր արտաքին պարտքը կանցնի 4 մլրդ դոլարի սահմանը, իսկ եթե արտաքին պարտքը կազմում է համախառն ներքին արդյունքի 50%-ը, ապա երկիրը համարվում է անվճարունակ:

«Այս տարի Հայաստանի համար հարաբերակցությունը 38-39 % է, իսկ եկող տարի, եթե համախառն ներքին արդյունքն աճի 5 կամ 6%-ով, ապա հարաբերակցությունը, հնարավոր է, ավելի քիչ լինի: Սակայն խնդիրը դա չէ, կան այլ չափանիշներ, որոնցով կարելի է գնահատել երկրի արտաքին պարտքի վտանգավորությունը: Այսօր արդեն վտանգավոր է դարձել, քանի որ 2013 թվականին պետք է վճարվի հիմնական գումարը՝ 429 մլն դոլար, 2014 թվականին նույնպես դժվար տարի է լինելու»,- մանրամասնեց Վահագն Խաչատրյանը՝ համոզմունք  հայտնելով, որ մեր տնտեսությունն այն վիճակում չէ, որ հեշտությամբ վճարի  նույնիսկ այդ 429մլն դոլարը:

«Եթե տնտեսությունը արտահանող է, կարելի է ավելացնել արտաքին պարտք, իսկ եթե արտահանման տեմպերը բավարար չեն սպասարկելու համար, նույնիսկ 1 մլն դոլար վարկ վերցնելը կարող է վտանգավոր լինել: Մյուս կողմից՝ կառավարությունը մտածում է, որ իրեն կզիջեն, այսինքն՝ կհավաքվեն դոնորներ, և պարտքը կզիջեն: Սակայն այսօր նույնիսկ Եվրամիությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, այնպես որ՝ զիջման ակնկալիքը իրական դառնալու քիչ հավանականություն ունի»,- ասաց տնտեսագետը՝ համոզմունք հայտնելով, որ այս ամենն արվում  է նախագահական ընտրություններին ընդառաջ, քանի որ սահմանային անցակետների արդիականացումը հրատապ խնդիր չէ ՀՀ-ի համար: 

 

 

Նախորդ հոդվածը‘Չինաստանի արագընթաց մայրուղու կենտրոնում մարդիկ են ապրում’
Հաջորդ հոդվածը‘Միխեիլ Սաակաշվիլին խոսել է Վրաստանում առկա բարդ իրավիճակի և հետագա զարգացման մասին’