‘ Վահագն Խաչատրյան. Վարչապետն ապացուցեց, որ «կուտակայինը» առօրեական խնդիր է լուծում’

1464

Վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօրվա ելույթն Ազգային ժողովում եւս մեկ անգամ ապացուցեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելով իշխանություններն ընդամենը առօրեական հոգսեր են հոգում` սեփական իշխանությունը պահպանելու նպատակով: iLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Ազգային ժողովում  պետբյուջեի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ ելույթում Տիգրան Սարգսյանը, հիմնավորելով պարտադիր կուտակայինին անցնելու անհրաժեշտությանը, մասնավորապես նշեց, որ նվազագույն սպառողական զամբյուղի չափով կենսաթոշակ ապահովելու համար կպահանջվի առնվազն 270 միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսավորում:

«Իսկ դա կնշանակի, որ եթե մեր պետական բյուջեի 48 տոկոսն այսօր սոցիալական ծախսեր են, ևս 20-25 տոկոսային կետով ավելացումը թոշակների վճարումների, մեր պետության համար այնպիսի բեռ է, որ մենք չենք կարող այդ բեռը դնել պետական բյուջեի վրա, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի Հանրապետությունում 500 հազար քաղաքացի է այսօր վճարում եկամտային հարկ: Այսինքն` այդ սոցիալական հարկի շնորհիվ մենք պետք է ապահովենք մեր ծերածող բնակչության արժանավայել կենսաթոշակները Հնարավո՞ր է արդյոք այս խնդիրը լուծել: Այո, հնարավոր է, եթե մենք ձեզ հետ միասին շեշտակիորեն ավելացնենք սոցիալական հարկերը Հայաստանի Հանրապետությունուոմ կամ, եթե մենք ձեզ հետ միասին փոխենք կենսաթոշակի անցնելու տարիքը», — ասել է վարչապետը` որպես այլընտրանք նշելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցումը:

Մյուս կողմից, Տիգրան Սարգսյանի խոսքով, տարիների ընթացքում կուտակված կենսաթոշակային միջոցները խթանելու են երկրի տնտեսական զարգացումը` ձևավորելով «երկար փողերի» շուկա:

Վահագն Խաչատրյանի խոսքով, Տիգրան Սարգսյանը հակասել է ինքն իրեն այս ելույթի ընթացքում` բացահայտելով, որ «կուտակայինից» ձեւավորված փողերն իրականում «երկարատեւ տնտեսական ծրագրերի» համար չեն:

«Վարչապետը, խոսելով այդ լրացուցիչ 270 միլիարդ դրամի անհրաժեշտության մասին` խոստովանում է, որ կուտակային համակարգից ստացվող վճարները հենց այդ բացը լրացնելու համար են, եւ ոչ թե «երկար փողերի շուկայի» ձեւավորման, ինչի մասին հռչակվում է: Այսինքն, այստեղ չի գործում այն տրամաբանությունը, որ երիտասարդ աշխատողներն այսօր վճարումներ կատարելով ապահովում են իրենց վաղվա կենսաթոշակը. իշխանություններն ընդամենը այսրոպեական խնդիր են լուծում, ինչի հիմնական նպատակը ոչ թե տնտեսության երկարաժամկետ զարգացումն է, այլ այսօր սեփական իշխանությունը պահելը», — նշեց տնտեսագետը` ընգծելով, որ հարցը հենց քաղաքական է, որովհետեւ Կառավարության գործելաոճը տնտեսական որեւէ հիմնավորում չունի:

 

Նախորդ հոդվածը‘Բագրատյան. Ինչպիսի՞ ցինիզմով է Տիգրան Սարգսյանը խոսում բարեփոխումների մասին’
Հաջորդ հոդվածը‘Դմիտրի Կիսիլյովը խոստացել է պահպանել РИА Новости-ի բոլոր բրենդները’