‘Վահագն Կոզմոյան. Շնորհակալություն Լեւոն Տեր-Պետրոսյանին’

3856

Մեծարգո պ-ն Տեր-Պետրոսյան, կարդացի «Սրտիս պարտքը» հոդվածը ու մտահոգ եմ Ձեր երկմտանքի համար: Աննախադեպ երևույթը կյանքի կոչելը միշտ հղի է չընկալված լինելու կասկածով: Թե որն է Ձեր մտատանջությունը՝ կարող եմ միայն կռահել:

Հեշտ չէ հարգանքի արժանի արարքի կողքով  անտարբեր անցնել, երբ գիտակցում ես, որ քեզանից հետո եկողները ոչ կնկատեն, և ոչ էլ հավուր պատշաճի կդրվատեն:

Ձեր արձագանքը ոչ միայն ողջունելի է, այլ նաև երկար սպասված, երբ գնահատականները տալիս եք մարդկանց վարքագծին, բայց ոչ անձին, երբ երախտագիտությունը ջանում եք դարձնել մեր առօրյա կյանքի անբաժան մասը: Այսօր, կիբоրգների վերափոխված, երեկվա «Գռեհիկ մատերիալիստները» դարձել են քաղաքական  վերլուծաբաններ: Նրանցից երբեք դրական ոչինչ չես լսի, լավը արտաբերելու վերջին պահին նրանց բերանից միշտ դուրս է թռչում «ճիշտը»: Ժամանակին Ֆրիդրիխ Նիցշեն ասում էր. «Կարևոր չէ, թե ով էիք երեկ, կարևոր է, թե ինչ եք դարձել այսօր»: Եթե ցանկանում ենք համեմատվել, ապա միայն ինքներս մեզ հետ՝ ինչ էինք նախկինում և ով ենք ներկայում:

Ո՞վ էր Գագիկ Ծառուկյանը քսան տարի առաջ:

Սեփականաշնորհման գործով գայթակղված, պարզունակ դատողությունների տեր, պրագմատիկ մարդ: Իսկ ո՞վ է նա այսօր:

Չկռահեցիք:

Ես չեմ պատրաստվում նրան գովերգել: Ընդամենը կնշեմ ՀՀ նախագահին ուղղած նրա պատասխանի հետևանքները, որը Հայ ժողովրդին (խոսքը չի գնում սփյուռքի մասին) բերեց բարեկրթության ու գավառականության ճամփաբաժան: Եթե նախկինում բարեկրթությունն ընտրյալների մենաշնորհն էր, ապա այսօր, արդեն հասարակության լայն զանգվածինն է: Մեր ժողովուրդը ոչ միայն ընկալեց ու գնահատեց նրա ասածը, այլ սպունգի նման կլանեց ու ցույց տվեց, որ կարոտ է կիրթ պահվածքի:

Թաղային հեղինակություն կոչվող «ինստիտուտները» փլուզվեցին:

Գագիկ Ծառուկյանը վերադարձրեց  ժողովրդին սեփական հաջողության կորցված հավատը, ցույց տվեց հաջողության տեղը. հաջողությունը թաքնված է անհաջողության ետևում, ինչպես մեր արժանիքներն են թաքնված մեր թերությունների ետևում: Պ-ն Տեր-Պետրոսյան , Ձեր հոդվածում շրջանառում եք երկու անձանց անուններ՝ Գագիկ Ծառուկյան, Խաչատուր Սուքիասյան, ավելացրեք նորերը, դուք ի զորու եք ամենատարբեր մարդկանց արժանիքներն ու թերությունները իրարից զատել ու բոլորի լավագույն հատկությունները մեկտեղել… Մենք հետևում ենք Ձեր օրինակին:

Նյութը հրապարակվել է «Առավոտ» օրաթերթում 

Նախորդ հոդվածը‘Արթուր Աբրահամը 4-րդ անգամ կհանդիպի Ռոբերտ Շտիգլիցին’
Հաջորդ հոդվածը‘NHL. Ձեռնամարտեր հոկեյի սահադաշտում(տեսանյութ)’